Հայաստանի պետական պարտքը վերջին 8 տարում եռապատկվել է

2008-2016թթ․ պետական պարտքը տարեկան աճել է մոտ կես միլիարդ դոլարով

Այս տարի ևս Հայաստանը կշարունակի կուտակել մեծածավալ պարտքեր․ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ 2017թ․-ին պետական պարտքը կավելանա մոտ 350 միլիոն դոլարով՝ հասնելով ռեկորդային 6 միլիարդ 250 միլիոն դոլարի:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվարի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 986 500: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ստացվում է, որ յուրաքանչյուրիս պարտավորությունը կազմելու է ավելի քան 2092 դոլար:

«Քանի դեռ պետությունը իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ունի դեֆիցիտ, ակնհայտ է, որ դեֆիցիտի ծածկման աղբյուրը պարտքի ներգրավումն է լինելու: Մակրոտնտեսական ընդունված թեորիա է՝ եթե քո խնայողությունները ավելի պակաս են, քան քո ներդրումները, բնականաբար դու պետք է օգտագործես նաև արտաքին խնայողությունները, որովհետև քո ներքին խնայողությունները չեն բավարարում, որպեսզի դու քո ներդրումները իրականացնես», - լրագրողների հետ զրույցում նշեց Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախարարության տվյալներով, 2008-2016թթ․ ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի քան 3 անգամ (2008թ․ պետական պարտքը 1 միլիարդ 906 միլիոն դոլար էր, 2016թ․-ին՝ 5 միլիարդ 942 միլիոն): Այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները տարեկան միջինը կուտակել են գրեթե կես միլիարդ դոլար պարտք:

Ֆինանսների նախարարը այսօր ևս «ոչ վտանգավոր» գնահատեց պարտքի նման ծավալը, միաժամանակ, սակայն, տեղեկացնելով՝ 2020թ․-ը պարտքի մարման «պիկն է», միայն այդ տարի Հայաստանը պետք է մարի կես միլիարդ դոլար:

«Ըստ մարման գրաֆիկի՝ ամենամեծ խնդիրը այդ եվրոպարտատոմսերն են, որ թողարկվել են 2013 թվականին և պետք է մարվեն 2020 թվականին: Այսինքն՝ 500 միլիոն: Կնայենք մեր կանխիկ հոսքերին, հնարավոր է՝ 200 կամ 100 միլիոն վերցնենք, մարենք, մնացածը նետենք ավելի հեռու», - պարզաբանեց Վարդան Արամյանը:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, խնդիր է ոչ միայն Հայաստանի պետական պարտքի նման սրընթաց աճը, այլև՝ վարկային միջոցների վատնումը:

«Ի՞նչ ենթակառուցվածք են ստեղծել, որը հետագայում պիտի բերի տնտեսական աշխուժացման ու այդ տնտեսությունը կարողանա սպասարկել այդ պարտքը: Մենք չունենք նման բաներ: Ուղղակի մենք, կոպիտ ասած, ինչ-որ լաթեր ենք գցել ու կարկատել ենք տնտեսության այս ու այն անցքերը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գևորգյանը: - «Մեր պետական պարտքը երկու տարի հետո կունենա այնպիսի սպասարկման կարիք, որը ավելի շատ է, քան պաշտպանության ծախսերը», - հավելեց տնտեսական մեկնաբանը: