Պաշտոնական Մինսկը հակադարձում է Լապշինի արտահանձնման հարուցած արձագանքներին

Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ Բաքվում, արխիվ

Ի պատասխան Հայաստանի խորհրդարանում նախօրեին հնչած կոչերին, Բելառուսի արտգործնախարարության մամլո խոսնակն «անընդունելի» է համարել դրանք, ընդգծելով, որ «Բելառուսը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից»:

Բելառուսի ԱԳՆ խոսնակ Դմիտրի Միրոնչիկն իր այդ հայտարարության մեջ նաև նշել է, թե այս կամ այն միջազգային կազմակերպությանն անդամակցելը ցանկացած երկրի իրավունքն է, և Բելառուսն, այդ առումով, իր որոշումն արդեն կայացրել է։

Բլոգեր Լապշինի արտահանձնման առնչությամբ, Միրոնչիկը, մասնավորապես, նշել է ՝ Լապշինին Ադրբեջանին հանձնելով, Բելառուսն ընդամենը կատարել է իր միջազգային պարտավորությունները: «Խնդիրը բացառապես իրավական դաշտում է»,- հավելել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ալեքսանդր Լապշինի մայրը պատրաստվում է առաջիկայում Իսրայելից մեկնել Բաքու՝ որդու գործով դատական լսումներին մասնակցելու նպատակով:

Երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Բելառուսի իր պաշտոնակից Լուկաշենկոյին և իր երախտագիտությունն է հայտնել բելառուսական կողմին ու անձամբ նախագահին՝ ինչպես նշված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, «արտահանձնման հարցում արդարացի դիրքորոշում ցուցաբերելու և վճռական քայլերի համար»: Լուկաշենկոյի քայլն Ալիևը գնահատել է որպես «Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության դրսևորում»:

Բելառուսի գերագույն դատարանը երեքշաբթի օրը ուժի մեջ էր թողել Գլխավոր դատախազության որոշումը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին: Նույն օրը բլոգերը հատուկ չվերթով տեղափոխվել էր Բաքու:

Ալեքսանդր Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ: Մի քանի ամիս առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերին առնչվող հիշյալ փաստերով մի քանի քրեական գործ է հարուցել ու նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանում նրան մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածների հատկանշներով, ըստ որոնց, Լապշինին մինչև ութ տարվա ազատազրկում է սպառնում:

Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե ոչ՛ Ռուսաստանը, ո՛չ էլ Իսրայելը Լապշինին վերադարձնելու հարցով Բելառուսին չեն դիմել: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ալեքսանդր Լապշինի հարցով երեկ հանդիպել էր այդ երկրում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի հետ։ Դեսպանի հետ հանդիպմանը Մամեդյարովն ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը Ռուսաստանի և Իսրայելի դեսպանություններից այս հարցով նոտա է ստացել։

Մամեդյարովը նաև նշել է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, այսօր կամ վաղը Ադրբեջանում Ռուսաստանի հյուպատոսը կհանդիպի Լապշինի հետ։ Մամեդյարովը հավաստիացրել է, թե դեսպանությունը բլոգերի հետ շփվելու հնարավորություն կունենա։ Ինչ վերաբերում է Լապշինի հետագա ճակատագրին, Ադրեբջանի ԱԳ նախարարի պնդմամբ, դա կախված կլինի հետաքննության ընթացքից։

Ադրբեջանցի փաստաբանի պնդմամբ, «Լապշինը մասամբ խոստովանել է իր մեղքը»

Այսօր ռուսական և ադրբեջանական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Լապշինն արդեն հանդիպել է իր փաստաբան Սաֆար Հուսեյնովի հետ: Ադրբեջանի օրենքների համաձայն, կալանավորված բլոգերի շահերը միայն Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող փաստաբանը կարող է պաշտպանել:

Հուսեյնովն ասօր հայտարարել է, թե Լապշինը «մասամբ խոստովանել է իր մեղքը», մասնավորապես, հաստատելով, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ «չիմանալով, որ անօրինական քայլ է կատարում»: Ըստ Լապշինի փաստաբանի, բլոգերը զղջում է իր արածի համար։

Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Եպիֆանցևի կարծիքով՝ Լապշինի հետ կատարվածը «վտանգավոր նախադեպ է»։ Ըստ նրա, մինչ օրս միջազգային իրավունքի դաշտում գործել է մի անխախտ կանոն, այն է՝ «Ինտերպոլ»-ը չի ձերբակալում մարդուն, եթե կասկածներ կան, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում:

«Լապշինի գործը 100 տոկոսով քաղաքական գործ է։ Ներկայացված մեղադրանքներում չկա և ոչ մի քրեական տարր, միայ քաղաքական»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետը: Նա կարծում է, սակայն, որ Լապշինի հարցով Մոսկվան և Բաքուն համաձայնության կգան: «Կարծում եմ, որ կողմերն արդեն պայմանավորվել են, և նրան շատ արագ ազատ կարձակեն: Կլինի հրապարակային ներողություն ոչ թե նամակի տեսքով, այ ասենք՝ հեռուստատեսությամբ»:

Եպիֆանցևի խոսքով, Լուկաշենկոյի նման պահվածքի պատճառներից մեկն էլ այսօր առկա՝ ռուս- բելառուսական լուրջ տարձայնություններն են: Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հակասություններին, ապա, փորձագետը համզված է, որ դրանք կան՝ «դրանց առկայության մասին է խոսում թեկուզ այն, որ վերջերս կայացած Լավրով-Մամեդյարով հանդիպումից հետո Արդբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե դժգոհ է հանդիպումից»:

Դիվանագիտական բառապաշարի տեսանկյունից «շատ լուրջ» գնահատելով Մամեդյարովի այդ խոսքերը, Եպիֆանցևը հավելում է՝ «Դժվար է ասել՝ ինչն է զայրացրել Մամեդյարովին, գուցե Մոսկվան ինչ-որ նոր առաջա՞րկ է արել Բաքվին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված․․․ ոչ ոք չգիտի»: Դրանով հանդերձ, քաղաքագետը չի կարծում, որ Ռուսաստանն այսօր հայանպաստ դիրքորոշում ունի: Ըստ նրա, Երևանի ձգտումը՝ հնարավորինս երկար պահպանել այսօրվա ստատուս քվոն, Մոսկվայի համար ընդունելի չէ։