Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի մասին դիմում», - ասաց Նաղդալյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իշխան Զաքարյանն արձակուրդ է վերցրել և ստանձնել «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։
«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր շնորհակալություն հայտնեց Իշխան Զաքարյանին։ «Հարգելի՛ խորհրդարան, հենց նոր տիկին Նաղդալյանը ընթերցեց տասը տարի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Իշխան Զաքարյանի հրաժարականը, ես կարծում եմ, որ մենք պիտի ունենանք և մշակենք քաղաքակիրթ ավանդույթ՝ շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, այն պաշտոնյաներին, ում ընտրում է Ազգային ժողովը՝ երկար տարիների համագործակցության և համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն», - հայտարարեց Զոհրաբյանը։
Նաղդալյանը, սակայն, խորհուրդ տվեց ԲՀԿ խմբակցության ղեկավարին չշտապել։ «Շնորհակալություն Ձեր առաջարկի համար, բայց ես կարծում եմ, որ մենք նախևառաջ պետք է ունենանք քաղաքակիրթ մշակույթ՝ հարգելու մեր իսկ օրենքները, իսկ ձեզ բոլորիդ հայտնի է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ կողմից նշանակված յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր հրաժարականի դիմումը ներկայացնում է ԱԺ նախագահին, բայց դիմումը ընդունված է համարվում ոչ թե այդ պահին, այլ որոշակի ժամանակ հետո։ Շատ հնարավոր է, որ եռօրյա ժամկետում պաշտոնատար անձը հետ վերցնի իր դիմումը, և այդ դիմումն այլևս ընդունված չի լինի: Վերահսկիչ պալատի մասին օրենքով՝ այդ ժամկետը 15 օր է սահմանված», - ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը՝ շարունակելով. - «Ժամանակից առաջ չընկնենք և մեր պաշտոնատար անձերին բոլորին տանք այն հնարավորությունը, որը սահմանված է օրենքով, և սպասենք, երբ որ իրավական բոլոր մեխանիզմները գործած կլինեն, որից հետո նոր մեր կհայտարարենք այն մասին, որ դիմումը համարում ենք ընդունված, դա օրենքի պահանջ է»։