«Ինչպե՞ս եք ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ ընտրությունների գնում, եթե նրա անունը բազմաթիվ կոռուպցիոան սկանդալների հետ է կապված», - Կառավարության - Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ Պողոսյանի անվանն առնչվող վերջին՝ պանամյան փաստաթղթերի հետ կապված գործը կարճվեց «տարօրինակ պատճառաբանությամբ», և այդ պատճառով էր, ըստ Զուրաբյանի, որ Հայաստանը նաև մեծ հետընթաց ունեցավ «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցում՝ մոտենալով Ադրբեջանին․ - «Դուք այդ պատկերով, հիմա ունենալով նրան որպես թեկնածու գնում եք ընտրությունների»:
Թեև հարցը ուղղված էր վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն պատասխանեց Արդադարատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հակադարձելով, թե միջազգային զեկույցում հետընթացը պայմանավորված է ոչ թե Հայաստանում վիճակի վատթարացմամբ, այլ պարզապես այլ պետություններ են առաջ անցել․ - «Պատկերացրեք, որ ես կարող եմ չհամաձայնել ոչ միայն Ձեզ հետ, այլ նաև Թրանսփերենսի ինթերնեյշնըլի հետ: Եվ կարող եմ նաև ասել, թե ինչու չեմ համաձայնում թե՛ Ձեր գնահատականներին, թե՛ նաև նախընտրական ռիթմով ապրող խորհրդարանում հնչող քաղաքական հայտարարությունների հետ, որոնք Դուք այս պահին հնչեցնում եք»:
Խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու սահմանադրականության մասին հարց ուղղեց Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ)՝ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությույանից փորձելով ճշտել, թե ի վերջո հնարավոր է հետաձգել ընտրությունների օրը, որը նաև համընկնում է ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի հետ․ - «Նաև շատ զգայական օր է, որը և՛ քաղաքական ուժերի, և՛ հասարակության մեջ բավականին բուռն դժգոհություն է առաջացրել»:
Որ ընտրությունների օրը նշանակելու հետ կապված Սահմանադրության մեջ հակասություն կա, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չթաքցրեց: Պարզաբանելով, թե ինչու են մայր օրենքի մի դրույթին նախապատվություն տվել՝ ասաց, որ Սահմանադրական դատարանի նախորդ որոշումներից մեկի վրա են հիմնվել և գերակա են ճանաչել ոչ թե ընթացակարգին, այլ բովանդակությանը վերաբերող կետը:
Դավիթ Հարությունյանը մի ուշագրավ բացահայտում էլ արեց․ պարզվում է, որ ընտրությունները կարող էին նաև ապրիլի 9-ին նշանակել, սակայն ընտրել են ապրիլի 2-ը․ - «Կարելի՞ էր նշանակաել ապրիլի 9-ին: Իհարկե կարելի էր: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ եթե նշանակվեր ապրիլի 9-ին, մենք կլսեինք այլ քննադատություն՝ օրինակ, որ իշխանությունը հնարավորին չափ ուշ է փորձում անցկացնել այս ընտրությունները և այլն»:
Թևան Պողոսյանը դիմեց Կարեն Կարապետյանին՝ ասելով, թե հասկանում է, որ կախարդական փայտիկ գործադիրը չունի, սակայն ի՞նչ է անում Կառավարությունը, որպեսզի Հայաստանում ժողովուրդն այսքան շատ հիասթափություններ չապրի: Որպես օրինակ Պողոսյանը բերեց վերջին շաբաթվա իրադարձություններն ու բլոգեր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին․ - «Ո՞նց անենք, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում երեք օր անընդմեջ չունենային այնպիսի իրավիճակ, որ ունենայինք Լապշին, նույն Գուբանովի դեպքը և նույն Ձեր ասած Արցախի բանը․․․ Այդ երեք դեպքերի մասին կոնկրետ քայլ ի՞նչ եք արել, կանչե՞լ եք Արտգործնախարարին, Պաշպանության նախարարին, մնացածին, հրահանգ եք տվել՝ փոխեք իրավիճակը, որ Հայաստանի քաղաքացիները բացեն մամուլը և կարդան՝ այս անգամ մենք սենց արեցինք, ադրբեջանցիները մռմռում են, ձեռ ու ոտ են ընկել, չգիտեն ինչ անեն»:
Վարչապետն արձագանքեց․ - «Ես Ձեզ ասեմ՝ նման դեպքեր չկան, որովհետև Լապշինի դեպքը արտառոց է, և որոշակի անձերի, գուցեև երկրների անտրամաբանական պահելաձևի դեմ որ մենք գործողություններ անենք, որ իրենք անտրամաբանական բաներ չանեն, ես նման գործողություններ չգիտեմ: Ինչ ենք մենք մեր ներքին հարթակում խոսել Պաշտպանության նախարարի հետ և Արտաքին գործերի նախարարի հետ, մասամբ Արտաքին գործերի նախարարը այս հարցին պատասխանեց: Իսկ մեր ներքին քննարկումները, եթե թույլ տաք, մնան մեր մեջ»: