Ազգային Ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանը չի համարում, որ Հովիկ Աբրահամյանի՝ իշխող ՀՀկ-ից հեռանալով կուսակցությունը կորցրել է ազդեցությունն ու թուլացել է: «Ես նրանց ոչ էլ աբիժնիկ կամ դավաճան եմ համարում, ինչպես սիրում են պիտակավորել: Ես գտնում եմ, որ դրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցության ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված իրենց անձնական շահերով, ձգտումներով, խնդիրներով»,- այսօր խորհդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահն, այդուհանդերձ, ցավ է զգում, որ «հանրապետության նախագահի այդքան մեծ վստահությունից հետ, մեր երկրում այսքան մեծ, կարևոր ծրագրերի նախաշեմին, Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ընտրեց»:
«Հիմա, երբ նախագահի, մեր կուսակցության ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական արմատական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուրը պետք է հանդես գա գաղափարական-քաղաքական իր ողջ կարողությամբ ու նվիրվածությամբ: Եվ այս պարագաներում, կարծում եմ, որ կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, իրենց հեղինակության աստիճանի, իրենց էության, կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ»,- հավելեց Հերմինե Նաղդալյանը:
Վերջինս անգամ չի համարում, որ Աբրահամյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ի ազդեցությունը նվազել է Արարատի մարզում: «Այնտեղ մենք ունենք մեծ և մարտունակ կուսակցական թիմ, որը շարունակում է աշխատել ինչպես նախկինում»,- ասաց ԱԺ հանրապետական փոխնախագահը:
Նաղդալյանն անրադարձավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջին շրջանի գործունեությանը, մասնավորապես, նշելով՝ «Փառքով օծված մեր զորահրամանատարը, մեր նախկին գործընկերը, այսօր փորձում է իրեն գտնել այլ աշխատանքում, այլ ոլորտում: Մեզ մնում է հաջողություն ցանկանալ իրեն: Ես մեկ անգամ ևս պիտի ցավ հայտնեմ, որ Սեյրան Օհանյանն իր մարտական ընկերոջ՝ գերագույն հրամանատարի կողքին չէ»:
Նաղդալյանի կարծիքով, Սեյրան Օհանյանը «դեռ ժողովրդին ծառայություն է մատուցելու»: «Հույս ունեմ, որ նա չի գնա բախտախնդրության ճանապարհով»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: