Հայկական կողմը շփման գծում ունեցել է մեկ զոհ և մեկ վիրավոր

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, արխիվ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից զոհվել է պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մեկ այլ հատվածում՝ Մարտակերտում ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանը։

Երեկ, հիշեցնենք, հաղորդվել էր, որ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն են արկակոծության ենթարկվել։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վիրավորի վիճակը բավարար է, նրան Երևան տեղափոխելու հարկ չկա։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով՝ սահմանին լարվածությունը մերթընդմերթ ավելանում է, և եթե նախկինում կրակոցներն էին սովորական, ապա այժմ՝ արկակոծությունները․ - «Տարբեր զինատեսակներ են օգտագործում: Կան և՛ նռնականետներ, և՛ Դե-44 հրանոթ, և՛ ականանետներ: Օրինաչափ է՝ հատկապես հաշվի առնելով 2017 թվականի յուրահատկությունը: Գիտեք, որ այս տարի մենք պետք է տոնենք Շուշիի ազատագրման 25-ամյակը, Բերձորի: Իրենց համար էլ դա հակառակ բանն է․ չէ՞ որ իրենք պարտվել են»:

Ղարաբաղյան կողմն այսօր հերքեց ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե երեկ երեկոյան, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծվել են ադրբեջանական առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկվի դիվերսիոն ներթափանցման փորձ:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքում ինչպես սահմանային միջադեպերին, այնպես էլ աղմկահարույց այնպիսի դեպքերի, ինչպիսին, օրինակ, Ռամիլ Սաֆարովի, կամ Ալեքսանդր Լապշինի գործն է․ - «Մենք տեսնում ենք նաև միջազգային իրավունքի լուրջ մարտահրավերները․․․ որ միջազգային հանրությունը պարզապես չի կարողանում այդ մարտահրավերներին ինչ-որ պատասխան տալ: Եթե համապատասխան արձագանք լիներ, Սաֆարովը կդառնա՞ր հերոս և ամեն օր սելֆիներով ման կգա՞ր Բաքվում: Դրանից հետո էլ կլինե՞ր Լապշինի դեպքը: Ի՞նչ արձագանք․․․ արձագանք ընդհանրապես չկա: Կա միայն լավ մարդկանց, ազնիվ մարդկանց արձագանք, բայց որևէ կառույցի արձագանք մենք չենք տեսնում: Հիմա, եթե կառույցները չեն արձագանքում, ի՞նչ են ուզում մեզնից, որպեսզի ամբողջ ազգով գնանք զո՞հ դառնանք»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Ադրբեջանը փաստացի հրաժարվել է բանակցային պրոցեսից ու փորձում է միջազգային հարթակներում ակտիվություն ցուցաբերել․ - «Տեսանք, որ փորձում են փակել Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակը: Մեկուսացնել Հայաստանը աշխարհից: Լապշինի գործը: Ոչ միայն անձնականորեն նայեք, որ ինչ-որ մարդու ուզում են վատություն անել ադրբեջանցիք: Ոչ: Առաջին հերթին իրենք ուզում են Ղարաբաղն ու Հայաստանը մեկուսացնել աշխարհից: Ադրբեջանը իր դաշնակիցների միջոցով, այսօր իրենց դաշնակիցը ակնհայտ Բելառուսն է, փակում է ճանապարհը Հայաստանի ՀԱՊԿ-ում, որտեղ իրենք անդամ չեն: Նույնիսկ անդամ չլինելով, կարողացան տապալել գլխավոր քարտուղարի ընտրությունը, որ ռոտացիոն կարգով Հայաստանի ներկայացուցիչը պետք է լիներ: Մարտահրավերները շատ լուրջ են այսօր: Այդ ակտիվությունը Ադրբեջանի: Շատ անգամ անխելք բաներ էլ են անում ադրբեջանցիք, բայց ընդհանուր ակտիվությունը միշտ աշխարհում գնահատվում է»:

Քաղաքագետը կարծում է, որ առանց հստակ ծրագրի Ադրբեջանի հետ մի սեղանի շուրջ պետք չէ նստել։ Նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումները վիճակը հաճախ ավելի են վատացնում, քանի որ Հայաստանը նոր առաջարկ չունի, Ադրբեջանն էլ շարունակում է խոսել ուժի ու փողի լեզվով․ - «Ադրբեջանը որոշում ընդունեց: Իրենց այսօրվա որոշումը գրեթե վերջնական որոշում է՝ ուժով լուծել Ղարաբաղի հարցը: Այլ ոչ թե բանակցային մեխանիզմով: Ու եթե մենք համապատասխան քայլեր չանենք, իրոք նորից կլինի պատերազմ: Ո՞նց են պահում դա՝ բանակը շենացնում են, զարգացնում են, կոռուպցիայի դեմ են պայքարում, երկրի ներսում մթնոլորտ են ստեղծում նորմալ: Դա ադրբեջանցիք շատ արագ կտեսնեն․․․ Այլ ոչ թե այն, ինչ որ ես այսօր եմ տեսնում՝ այդ խայտառակ պրոցեսը նախընտրական, կատաստրոֆիկ պրոցես․․․ Իսկ եթե լինի իսկական պայքարը օլիգարխիայի դեմ, իսկական պայքար կոռուպցիայի դեմ, այդ դեպքում խելքի կգա երկիրը, մարդիկ կուժեղանան, հնարավորությունները կավելանան: Դրա փոխարեն այդ ճահիճն ենք տեսնում»: