Դեմ արտահայտվելով փոփոխությանը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե տնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտը հենց ԿԲ է․ - «Դու էս ի՞նչ եք անում, այ մարդ: Դուք էս ո՞ր դարում եք մնացել․․․ 90-ականների սկզբի մակրոտնտեսական քաղաքականությունն ա․․․ Բացարձակապես անպտուղ, բացարձակապես հին: Դուք կառչել եք կայունությունից, ասում եք՝ երկրի զարգացման հերն էլ անիծած, թող մենակ կայուն ըլնի: Իբր թե դա կայունություն է․․․ Որովհետև հանրապետականներին պետք ա կայունություն։ Եվ այս ճահճի մեջ, մակրոտնտեսական ճահճի մեջ մտցրել եք երկիրը: Եվ էսօր էլ խորացնում եք: Ոչ մի բանի հետ էլ համաձայն չեմ»:
Նախկին վարչապետի խոսքով, կենսաթոշակային կուտակային համակարգում ԿԲ-ի փոխարեն պետք է ընդլայնել կառավարության գործառույթները․ ԿԲ-ն այսօր ավելի շատ ազդեցություն ունի տնտեսության վրա, քան դրա համար պատասխանատու կառավարությունը․ - «Ինչի՞ եք շարունակում կրճատել կառավարության իրավունքները: Բա մենք էս Սահմանադրությունը փոխեցինք, որ կառավարությունը պառլամենտը ձևավորի, բայց ճիշտ կառավարությունը Կենտրոնական բանկում ա: Նա ինչ ուզում ա, անում ա: Վեր ա կենում, ասում ա՝ ակտիվներն աճել են 23 տոկոս, ասենք, 2016-ին: Նայում ես կապիտալիզացիան, բան, ակտիվ չի աճել ընդհանրապես: Եվ Հանրապետության ղեկավարն ա երբեմն էդ բաներն ասում»:
Ընդդիմադիր պատգամավորին հակադարձեց նախագիծը ներկայացնող ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: - «Ոչ մի առնչություն չունի ո՛չ մեր կյանքի հետ, ո՛չ էլ մեր էսօրվա իրավիճակի հետ: Ուղղակի գեղեցիկ հնչում ա, բայց դա ոչ մի կապ չունի թեմայի հետ: Ընդհանրապես այդ ամբողջ ելույթը կապ չուներ այսօր մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հետ»:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչը նշեց, որ նախագծով ընդամենը խստացվում են կուտակային կենսաթոշակային համակարգում ֆոնդերի կառավարիչների պահանջներն ու ուժեղացվում է պատասխանատվության ինստիտուտը։
Երիցյանի պնդմամբ, ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության շնորհիվ համակարգը դրական ցուցանիշներ է գրանցել, և շատ քաղաքացիներ անգամ խնդրում են սահմանված 5 տոկոսից ավելի պահվի իրենց աշխատավարձից․ - «Համակարգի նկատմամբ վստահությունը ունեն և ասում են՝ մեզ թույլ տվեք խնայենք էնքան մեր աշխատավարձից, որովհետև 500 հազարից բարձր է իրենց աշխատավարձը, որպեսզի կարողանանք ճիշտ մեր եկամուտին համապատասխան կուտակում ապահովել»:
ԿԲ-ի նախագահի տեղակալին այսօր ՀՀԿ-ականներից սատարեց միայն նախագծի հարակից զեկուցող Հակոբ Հակոբյանը՝ վստահեցնելով, թե ապագայի մասին են մտածում․ - «Դուք ասում եք՝ այսօր ծախսվող գումարները պակասում են: Այո, այսօր կպակասեն, վաղը կավելանան: Երբ որ 18 տարի հետո մենք մտնենք ցիկլի մեջ, էս դեպքում ձեր հարցը դուրս կգա»:
Հակոբյանի պատասխանները, սակայն, զայրացրեցին «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանին․ - «Ի՞նչ եք բոցաշունչ ելույթեր ունենում, կուրծք ծեծելով: Հստակ բաներ խոսեք: Ինչե՞ր եք խոսում․․․ տասնութ տարի հետո ռեֆորմը արդյունք կտա․․․ Ի՞նչ տասնութ տարի»:
Հակոբյանն արձագանքեց․ - «Պարոն Մելքումյան, կուրծք ծեծողը ես չեմ: Դա բոլորը տեսնում են»:
Քննարկման ավարտին Բագրատյանը կրկին ձայնի իրավունք խնդրեց՝ ԿԲ-ի նախագահի տեղակալին այս անգամ մեղադրելով պոպուլիստական պատասխաններ տալու մեջ․ - «Մենք էսօր հպարտանում ենք, որ ապահովել են «Վոլկսվագենում» շահութաբերությունը: Այ քեզ բա՜ն: Դրա համար էլ զրո տոկոս տնտեսական աճով ենք փակել»: