Ուկրաինայի հարավ-արևելքում վերջերս կտրուկ սրված իրավիճակն են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր կայացած հեռախոսազրույցում:
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ երկու պետությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել զինված դիմակայության ահագնացման կապակցությամբ, որի պատճառով կան մարդկային զոհեր, զգալի ավերածություններ Դոնբասի մի շարք բնակավայրերում:
«Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելի ուշադրությունը հրավիրեց ԵԱՀԿ Դիտարկման հատուկ առաքելության տվյալների, ինչպես նաև Կիևի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների վրա, որոնք վկայում են շփման գծում իրադրությունը հօգուտ իրենց փոփոխելու՝ ուկրաինացի ուժայինների փորձերի մասին: Ակնհայտ է Մինսկի համաձայնությունների իրականացումը տապալելու, ինչպես նաև «նորմանդական ձևաչափն» իրենց ապակառուցողական քայլերը քողարկելու համար օգտագործելու՝ կիևյան իշխանությունների ձգտումը», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Պուտինը և Մերկելը արտահայտվել են հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման օգտին և այդ համատեքստում պաշտպանել են ԵԱՀԿ Դիտարկման հատուկ առաքելության ջանքերը, պայմանավորվել են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով դիվանագիտական ջանքեր գործադրելու, մասնավորապես՝ մոտ ժամանակներս «նորմանդական ձևաչափով» արտգործնախարարների և առաջնորդների օգնականների շփումներ ծրագրելու շուրջ, հետագայում քննարկումները բարձր մակարդակով շարունակելու համար, ասված է հաղորդագրությունում: