Բելառուսի գերագույն դատարանը մերժեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ այդպիսով ուժի մեջ թողնելով նրան Ադրբեջանին հանձնելու մասին՝ ավելի վաղ կայացված որոշումները: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման, ըստ որի, Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջանին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու՝ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը:
Գերագույն դատրանը Բելառուսի դատական համակարգի վերջին ատյանն է, որի վճիռներն այլևս չեն կարող բողոքարկվել: «Վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- նշված է Բելառուսի գերագույն դատարանի՝ Լապշինի գործով կայացված որոշման մեջ:
«Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Վճռի հրապարակումից հետո այն պետք է կյանքի կոչվի ներքին օրգանների կողմից»,- այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Բելառուսի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Պյոտր Կիսելյովը:
Ալեքսանդր Լապշինի փաստաբան Նատալիա Շեկինան լրագրողներին ասել է, որ բողոքի քննարկումը կես ժամ էլ չի տևել: Նիստն էլ դռնփակ է անցկացվել: Ինքը՝ Լապշինը դատարանի դահլիճում չի եղել: Նրա փաստաբանը նաև ասել է, որ Լապշինի կինը դիմել է Մինսկի իրվապահաներին՝ Լապշինին լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով:
Բելառուսի օրեսնդրությամբ, հավելյալ պաշտպանություն կարող է տրամադրվել այն օտարարերկրացիներին, որոնք գտնվում են Բելառուսում, փախստականի կարգավիճակ հայցելու հիմքեր չուենեն, բայց հիմնավոր մտահոգություններ ունեն, որ հայրենիք վերադառանու դեպքում կարող են ենթարկվել խոշտանգումների ու նվաստացման:
Թեև տվյալ դեպքում խոսքը ոչ թե Ռուսաստան կամ Իսրայել վերադառնալու մասին է, այլ Ադրբեջանին արտահանձնվելու: Հենց դա կանխելու համար է նրա կինը դիմել՝ հավելյալ պաշտպանություն տրամադրելու խնդրանքով, ասել է փաստաբանը: Ըստ նրա, Լապշինի կինը նաև բողոք է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին, որն այն վարույթ է ընդունել:
Ալեքսանդր Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանում նրան մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածներով, ըստ որոնց, Լապշինին 5 տարվա ազատազրկում է սպառնում: