Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Այս մասին հայտարարել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:
«Ինչպես գիտեք Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականության փակված էջը բացելու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին, ընդգծելով, որ պատրաստ է ձևավորել լայն դաշինք քաղաքական տարբեր կառույցների և կուսակցությունների հետ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և բարօրության: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ և դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի և անհատների լայն դաշինք, որպեսզի խորհրդարանում հնարավոր լինի բարձրաձայնել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները», - նշել է Տոնոյանը՝ շարունակելով․ - «Պարոն Ծառուկյանի կոչին մինչև այս պահը արձագանքել և համագործակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում նաև Ռամկավար Ազատական կուսակցության հայաստանյան կառույցը՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Սակայն այս հայտարարությունից հետո ՌԱԿ-ի տարբեր թևեր և սփուռքյան կառույցներ սկսեցին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով, առ այն, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ցանկությունն ու որոշումը: Բացարձակ ցանկություն չունենալով ներքաշվել ՌԱԿ ներկուսակցական ինտրիգների և պառակտումների մեջ՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Հույս ունենք, որ ՌԱԿ հայաստանյան և Սփյուռքի կառույցները կհարթեն իրենց միջև առկա տարաձայնությունները: Գագիկ Ծառուկյանը շարունակում է կարևոր համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում թե՛ հայաստանյան, և թե՛ Սփյուռքի կուսակցությունների ակտիվ ներգրավվածությունը»: