Տեր-Պետրոսյանը կղեկավարի «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը․ Զուրաբյան

Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը գլխավորում են ընդդիմության երթը, արխիվ:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կղեկավարի «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ քաղաքական երկու ուժից բաղկացած դաշինքի ցուցակի երկրորդ համարը Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանն է լինելու:

«Ազատություն»․ - Արդեն իսկ Հայ ազգային կոնգրեսը որոշում է կայացրել, որ դաշինքով է մասնակցելու ՀԺԿ-ի, Ստեփան Դեմիրճյանի հետ միասին: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, և ինչո՞ւ ընդամենը մեկ ուժ միացավ ձեզ:

Լևոն Զուրաբյան․ - Կարծում եմ, այդ հարցադրումները այդքան էլ արդարացված չեն: Նախ, մենք ի սկզբանե ասացինք, որ մեզ համար միավորումը այլ քաղաքական ուժերի հետ արհեստական չպիտի լինի և առաջնային չի: Մեզ համար ավելի կարևոր էր ծրագրային ասելիքի կարևորությունը, այսինքն՝ ինչ ենք մենք ասելու ժողովրդին:

«Ազատություն»․ - Դուք բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումներ, հանդիպումներ եք ունեցել, և որևէ մեկը չի՞ կիսել այն մոտեցումները նաև Լեռնային Ղարաբաղի հարցում, որ ներկայացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և այն սկզբունքը, որ հնչեցրեց՝ խաղաղություն, բարիդրացիություն, այսինքն՝ դրանց շուրջ որևէ համախմբում տեղի չունեցավ, դրա համա՞ր մեծ դաշինք ձևավորելու հնարավորություն չունեցավ Հայ ազգային կոնգրեսը:

Զուրաբյան․ - Չէ, երկու ամիս առաջ, և գործընթացը բավականին երկար տևեց, որ մեզ դիմել էին քաղաքական ուժեր մեծ դաշինք կնքելու առաջարկով: Ինչին մենք պատասխանել ենք համաձայնությամբ, համաձայնվել ենք այդ բանակցությունները սկսել, բայց այդ բանակցությունները չսկսեցին, որովհետև այլ ուժեր արագ ինչ-որ դաշինքներ կազմեցին: Այսինքն, չգիտես ինչ կատարվեց, ես չեմ էլ մեղադրում այդ ուժերին, դա իրենց սուվերեն իրավունքն է՝ այդ բանը անելու, բայց մեր համաձայնությունը ստանալուց հետո, որ մենք սկսենք մեծ դաշինքի՝ 7, 9, չգիտեմ, ընդդիմադիր ուժերի մեծ դաշինքի ստեղծման մասին, մեր համաձայնությունը ստանալուց հետո, որոշ ժամանակ անց, այդ բանակցությունները, ըստ էության, չընթացան, այլ ստեղծվեցին ինչ-որ փոքր դաշինքներ:

«Ազատություն»․ - Ո՞ր ուժերի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցիք։

Զուրաբյան․ - Ես նորից եմ ասում՝ եղել է առաջարկություն ուժերի կողմից:

«Ազատություն»․ - Ո՞ր ուժերից եք ստացել առաջարկություն:

Զուրաբյան․ - Ես անիմաստ եմ համարում դրա մասին խոսելը:

«Ազատություն»․ - Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում եղե՞լ է, պարոն Զուրաբյան, դաշինքով մասնակցելու․․․

Զուրաբյան․ - Ոչ, ոչ:

«Ազատություն»․ - Որևէ քննարկում չի եղել «Ծառուկյան դաշինք»-ով հանդես գալու․․․

Զուրաբյան․ - Ոչ, ոչ:

«Ազատություն»․ - Իսկ նրանց կողմից առաջարկ ստացե՞լ եք:

Զուրաբյան․ - Ոչ:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, Ձեր կարծիքով:

Զուրաբյան․ - Եթե Դուք երկրորդ հարցին եք ուզում պատասխանել, ուրեմն՝ իրենց հարցրեք:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ՝ դուք նույնպես ցանկանում էիք մեծ դաշինքով մասնակցել ընտրություններին, ի վերջո, անցել եք ճանապարհ Ծառուկյանի հետ․․․

Զուրաբյան․ - Մենք շատ պարզ ասացինք, որ մեզ համար կարևորը ասելիքի հզորությունն է: Եվ նաև մեր ասելիքը հրապարակելուց հետո պետք է երևար՝ ինչ-որ իմպուլսներ եթե կան, եթե մեր ասածի հետ համաձայնվում են, իրենք, ուրեմն, այդ ամենը մեզ կներկայացնեն, բայց դա չեղավ, և մենք որևէ խնդիր չենք տեսնում:

«Ազատություն»․ - Պարոն Զուրաբյան, Դուք մրցունակ համարո՞ւմ եք Կոնգրես - ՀԺԿ դաշինքը՝ հաշվի առնելով արդեն իսկ ստեղծված դաշինքները:

Զուրաբյան․ - Ես մրցունակ համարում եմ առաջին հերթին մեր ասելիքը, մեր գաղափարախոսությունը, մեր սկզբունքայնությունը, մեր վճռականությունը: Որը, կարծեմ, ոչ մի այլ ուժ չունի: Մենք վերլուծում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, և մենք տեսնում ենք, որ այս հարցում մենք պետք է վերջապես ճշմարտությունը ասենք ժողովրդին: Նաև ուզում ենք այդ ճշմարտությունը դնել մեր նախընտրական ծրագրի հիմքում:

«Ազատություն»․ - Ղարաբաղի՞ հարցում:

Զուրաբյան․ - Այո, այդ խաղաղության ծրագրով գնանք ընտրությունների:

«Ազատություն»․ - Դա՞ է լինելու ձեր գլխավոր ուղերձը այս ընտրություններում:

Զուրաբյան․ - Դա լինելու է, իհարկե, մեր գլխավոր ուղերձը:

«Ազատություն»․ - Դա հաշվի առնելով՝ գնահատե՞լ եք ձեր շանսերը, ինչպիսի՞ քանակությամբ ձայներ դուք կարող եք ստանալ: Կարծում եք, միանշանակ կհայտնվե՞ք խորհրդարանում այդպիսի ուղերձով:

Զուրաբյան․ - Մենք վստահ ենք, որ դա ոչ միայն ճշմարտություն է, այլ նաև ձայն բերող ուղերձ է:

«Ազատություն»․ - Դուք բացառում ե՞ք, որ նախընտրական ինչ-որ մի փուլում ՀԱԿ - ՀԺԿ այդ դաշինքը կարող է միավորվել մեկ այլ դաշինքի հետ:

Զուրաբյան․ - Փետրվարի 16-ին վերջին օրն է քաղաքական ուժերի կողմից Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար: Ես իրատեսական մարդ եմ ինձ համարում: Ես կարծում եմ, որ որոշումները արդեն ընդունված են:

«Ազատություն»․ - Հետընտրական համագործակցությունը արդեն իսկ ստեղծված այդ դաշինքների հետ Դուք հնարավոր համարո՞ւմ եք: Ի վերջո կոալիցիոն կառավարություն ձևավորելու կարող է անհրաժեշտություն առաջ գալ:

Զուրաբյան․ - Քանի որ դեռ այդ դաշինքները իրենք պետք է ժողովրդին համոզեն, հասարակությանը համոզեն՝ բացատրելով ինչն է իրենց ծրագիրը, ուր են նրանք գնալու, ինչի են հասնելու, կայանալու են արդյոք, իրենց ներքին հակասությունները հաղթահարելու են, թե ոչ, ձևակերպեն, համոզեն, այդ թվում նաև՝ մեզ, հասարակությանը․․․

«Ազատություն»․ - Որ իսկապես ընդդիմադի՞ր են․․․

Զուրաբյան․ - Որ իսկապես ընդդիմադիր են, որ իշխանափոխության նպատակ են դնում, որ ժողովրդավարության վերականգնման նպատակ են դնում․․․ Էդ ամեն ինչը պետք է ապացուցեն, առավել ևս, որ մարդիկ կան բազմաթիվ, ովքեր շատ երկար ժամանակ եղել են էդ, ինչ ասեմ, չարաշահումներով զբաղվող իշխանության մասը, առաջին դերակատարները: Եվ պետք է դեռ կարողանան բացատրել ժողովրդին, թե ինչու հիմա պետք է ժողովուրդը իրենց հավատա, ինչու ժամանակին նրանք դրա դեմ դուրս չեն եկել, և այլն և այլն: Այդ խնդիրները բազում են իրենց առաջ»: