Արսինե Խանջյան․ Սփյուռքի մասնակցությունը դիտորդական միջոցառումներով միայն մեկանգամյա մասնակցություն չէ

Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը «Ազատության» հետ զրույցում մասնրամասներ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սփյուռքի ներկայացուցիչների կողմից Հայաստանում իրականացվող դիտորդական առաքելության մասին:

«Ազատություն»․ - Կալիֆորնիայի համալսարանի համաժողովում Ատոմ Էգոյանը՝ Ձեր ամուսինը, որ նաև այս նախաձեռնության նախաձեռնողներից է, ասաց՝ «անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նաև փողոցներում նստել: Սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք այս նախաձեռնությունը հնարավոր է դուրս գա փողոցային պայքարի, եթե լինեն հետընտրական գործընթացներ, օրինակ՝ մի կուսակցություն հայտարարի, որ ընտրությունները կեղծվել են և սկսի հանրահավաքներ անել, ինչը սովորաբար լինում է Հայաստանում համապետական ընտրություններից հետո: Արդյո՞ք սա նշանակում է, որ Դուք հնարավոր է աջակցեք այդ կուսակցությանը կամ շարժմանը: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այդ փողոցներում նստելը:

Արսինե Խանջյան․ - Ատոմի ասածը անգլերենով, և ես նաև հետևեցի հայերեն թարգմանությամբ, շատ հստակ է՝ այս պահից ամեն ձևով մենք պետք է մասնակից դառնանք ընտրությունների իրողությանը: Եթե պետք է նույնիսկ դուրս գանք, ուրեմն պետք է դուրս գանք: Բայց մենք չենք դա որոշողը, մենք՝ Սփյուռքը, ստիպված ենք անդրադառնալու, թե ժողովրդի մոտ ինչ կպատահի, ինչ ձևավորումներ կլինեն, ինչ շարժումներ կլինեն:

«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք կաջակցեք ժողովրդի ցանկությա՞նը:

Արսինե Խանջյան․ - Եթե այդ պահին ժողովրդի պահանջը մեզանից մեր աջակցությունն է, մենք պետք է աջակցենք և լսենք: Եվ պետք է աջակցենք պարզապես աջակցելու համար, այլ լսելով, հասկանալով՝ արդյո՞ք պահանջներ ճիշտ են, տեղին են: Փոփոխության ճանապարհը պետք է Հայաստանից դուրս գա, ինչ փոփոխություն դեպի ինչ փոփոխություն: Մենք՝ Սփյուռքը, կարող ենք մասնակցել թիկունք լինելով այդ փոփոխություններին: Բայց որ մենք դրսից առաջարկենք ինչ քաղաքական որոշումներ պետք է տեղի ունենան՝ անձամբ ես չեմ հավատում, որ դա լավագույն ձևն է:

«Ազատություն»․ - Դիտորդությունից հետո արդյո՞ք արդեն պլանավորել եք՝ ինչ եք անելու, թե ըստ զարգացման կտեսնեք: Այսինքն՝ հիմա պատկերացնո՞ւմ եք ինչ է լինելու ապրիլի 2-ից, կամ եթե այլ օր տեղափոխվի՝ այդ ընտրության օրվանից հետո:

Արսինե Խանջյան․ - Սփյուռքի մասնակցությունը դիտորդական միջոցառումներով միայն մեկանգամյա մասնակցություն չէ: Այսինքն՝ ապրիլի 2-ին կգան նրանք, ովքեր կցանկանան և այլն: Գաղափարը դա չէր: Գոնե մեր ընկալմամբ, ապրիլի 2-ի մասնակցությունը կոնկրետ մի բան է, բայց հավատում եմ, որ Սփյուռքի մասնակցությունը ապրիլի 2-ից հետո էլ ավելի պիտի մեծանա: Սփյուռքի մասնակցությունը պետք է դառնա իսկապես անհատական հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ, և այս գործունեությունը ո՛չ մեկ օրից, ո՛չ երկու օրից, ո՛չ էլ մեկ ընտրությունների մասնակցությամբ պիտի ամեն ինչ գեղեցկացնի: Կարծում եմ ժամանակ պետք է տրամադրել, և հավատալ, որ փոփոխությունը կարելի է այս քայլերով:

«Ազատություն»․ - Ձեր մասնակցությունը այստեղ որոշակի առումով ընկալվում է որպես ընդդիմադիր գործունեություն, և այն մարդիկ, ովքեր գուցե շահագրգռված չեն արդար ընտրություններով, կարող է և փորձեն Ձեր կերպարը ինչ-որ կերպ վարկաբեկել, վատաբանել: Վերջերս, օրինակ, տեսանք մի քանի հրապարակումներ՝ Ձեր մասնակցությամբ ֆիլմերից դրվագներ էին վերցվել․․․ արդյո՞ք Դուք ենթադրում էիք, որ հնարավոր է Ձեր դեմ անձնական վարկաբեկման գործընթաց սկսվի ու ինչպե՞ս եք մեկնաբանում դա:

Արսինե Խանջյան․ - Նախ հստակ ասեմ, որ ես դա վարկաբեկում չեմ համարում, որովհետև ինձ զարմացնում է, թե միայն ա՞յդ տարբերակն են գտել իրենց դիմադրությունը արտահայտելու, եթե իմ գործունեությունը համարում են ընդդիմադիր գործունեություն: Իմ գործունեությունը ազգային, անհատի գործունեություն է: Ես մինչև այս պահը չեմ համարել, որ իմ գործունեությունը քաղաքական է, թեև ենթադրել եմ, որ արդյունքները կարող են այդպիսի տպավորություն թողնել: Իմ հետաքրքրությունը ժողովրդի վիճակն է, ժողովրդի կողքին մասնակից դառնալ՝ բարելավելու Հայաստանի պայմանները: Նույն բանն է, ինչպես հավատքն է, որ ի վերջո երկրի կբարելավվի, որպեսզի դադարի մեր տաղանդների արտահոսքը երկրից: Մենք չենք կարող ո՛չ «Ոսկե ծիրան», ո՛չ Դիլիջանում արվեստագետների հավաք ունենալ, եթե երկրում ժողովուրդ չկա: Երկիր չկա առանց իր ժողովրդի, ոչ էլ հող կա առանց ժողովրդի: Եթե հողն առանց ժողովրդի է, դա կդառնա պատմական Արևմտյան Հայաստանի իրողությունը: Հայաստան ենք կոչում, բայց որքանո՞վ է դա այս պահին Հայաստան, եթե այդ հողերի վրա հայություն չկա: Եթե այդ ժողովուրդը պիտի արտագաղթի, և հատկապես՝ իշխանությունից դժգոհության պատճառով, ես կարծում եմ, որ բոլորիս պարտականությունն է անդրադառնալ այդ հարցին և չբացառել, որ ինչ-որ բան սխալ է: Վնաս չունի, պատահում է, որ սխալներ են տեղի ունենում, բայց չընդունել, որ սխալ կա և չանդրադառնալ, դա վերածել ընդդիմադիր աշխատանքի, մանավանդ այս տեսակի պարզամիտ ձևով՝ կարծում եմ ցավալի է: Եթե ուզում են անարգել, թող անարգեն իմ խոսքերի համար, թող գան հետս խոսեն, եթե կարծում են, որ քաղաքական հարթակում այդքան ծանր է մասնակցությունս, թող գան և քննարկենք, բայց այդպիսի քայլերը ես շատ թույլ և տկարամիտ եմ համարում: