ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ ընտրությունների օրը ՍԴ-ում վիճարկելու նպատակով

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն այսօր խորհրդարանում ստորագրահավաք սկսեց՝ ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու համար:

Ձևաթուղթն առնվազն 27 պատգամավոր պիտի ստորագրի, հակառակ դեպքում դատարան դիմում ներկայացնելը օրենքով հնարավոր չի լինի:

Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քվերակությունն ապրիլի 2-ին նշանակելու Սերժ Սարգսյանի հրամանագիրը հակասահմանադրական է․ - «Այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին, և մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Ճիշտ է, իշխանությունը ներկայացրել է, ի դեմս Դավիթ Հարությունյանի, իր հակադարձ փաստարկները, բայց մենք կարծում ենք, որ այն հիմքերը, որ առկա են, լրիվ բավարար են նրա համար, որ մենք դիմենք Սահմանադրական դատարան: Եվ թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ»։

Դավիթ Հարությունյանը, հիշեցնեմ, այս վեճի շուրջ արդեն իսկ հակադարձել էր, թե հրամանագիրն ընդունվել է Ընտրական օրենսգրքին համապատասխան, ինչպես ամրագրված է Սահմանադրության վերջին փոփոխություններով:

Սերժ Սարգսյանի հրամանագրի սահմանադրականության հարցը բարձրացրել էր նաև պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը:

Լևոն Զուրաբյանը փոխանցեց, որ Գագիկ Ջհանգիրյանի կազմած դիմում բերված են բոլոր հիմնավորումները․ - «Խնդրում ենք բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում այնուամենայնիվ Ազգային ժողովի ընտրությունների հենց սկզբից օրինականությունը կասկածի տակ չլինի, միանալ այս հայտին»:

Խորհրդարանի ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, թե քվեարկության օրը կարող է փոխվել միայն մեկ պատճառով՝ որպեսզի չհամընկնի ապրիլյան պատերազմի տարելիցի հետ․ - «Բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում մենք պատրաստակամ ենք օրը վերանայելու: Մնացածը, բնականաբար՝ դուք ձեր սահմանադրական իրավունքների շրջանակներում եք»:

Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե կողմ են, որ դիմումը հասնի բարձր դատարան, և հակառակը դեմ էմոցիոնալ լուծմանը՝ զոհերի հիշատակով պայմանավորված․ - «Իսկ միգուցե ապրիլի 2-ին, եթե մեզ հաջողվի անցկացնել՝ համախմբելով բոլոր ընդդիմադիր ուժերի կամքը, ներուժը, իսկապես ազատ և արդար ընտրություն, որպեսզի ձևավորվի այնպիսի իշխանություն, որը զինվորի հացը չի լափի, որը զինվորի փամփուշտի փողը չի գողանա, որի արդյունքում, այո, եղան նաև այդ զոհերը: Չե՞ք կարծում արդյոք, որ դա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը ապրիլի 2-ին զոհված մեր երեխաների հիշատակի առջև»:

Իշխանական մյուս խմբակցությունը՝ Դաշնակցությունը ևս ակնարկեց, որ ստորագրահավաքին չի միանա՝ փոխարենն առաջարկելով, որ Հանրապետականն ուղղակի հարցում անի մյուս խմբակցություններին:

«Բնական է, սահմանադրականությունը ճշտելու հարցով իրավունք կա դիմելու, կդիմեն մեր գրոծընկերները: Բայց ես ուզում եմ, որ բոլոր հարցերը հստականան․ Հանրապետական խմբակցությունը նախաձեռնի, Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին հարցում անի՝ համաձա՞յն եք այս տարբերակը անելու, միասնական որոշելո՞ւ, թե՞ չէ»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը փոխանցեց, որ իրենք ևս չեն միանա ստորագրահավաքին․ ասաց՝ նպատակահարմար չէ, քանի որ ընտրական գործընթացն արդեն սկսված է, և օրվա փոփոխությունը որևէ բանի վրա ազդեցություն չի ունենա:

Առայժմ Կոնգրեսին հաջողվել է հավաքել պահանջվող 27-ից 14 ստորագրություն: Իրենցից բացի, միացել են «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից՝ այդ թվում «Համախմբում» կուսակցությունից:

Իշխող «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոշտ գնահատեց դատարան դիմելու այս նախաձեռնությունը․ - «Պարզապես նախընտրական շոու եմ համարում: Եթե մենք պայմանավորվել ենք, որ կարող են բոլոր քաղաքական ուժերը հավաքվել և որոշում կայացնել, ի՞նչ է նշանակում ստորագրություն հավաքել, որ մի քիչ ավելի՞ հետաքրքրացնեն իրենց ներկայացվածությունը, մամուլում ավելի հետաքրքի՞ր տողեր գրվի․․․ Ես պարզապես սա նախընտրական եմ համարում»:

Անհրաժեշտ ստորագրությունները հավաքելու վերջնաժամկետը վաղն է: