Զարուհի Փոստանջյանը Գարո Փայլանին ՀՀ ԱԺ հրավիրելու առաջարկով դիմեց Գալուստ Սահակյանին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովի նիստում առաջարկեց՝ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի «հանձնառությամբ» և նրա «ղեկավարությամբ» Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին հրավիրել Հայաստան՝ «հայոց խորհրդարանում ուղերձով հանդես գալու համար»։

«Քանի որ նա այդ ուղերձը պարբերաբար բարձրացնում է Թուրքիայի խորհրդարանում և այդ ուղերձի ներքո ճնշումների է ենթարկվում, ապա մենք մեր համերաշխությունը պետք է հայտնենք նրան որպես մեր գործընկերոջը, և այդ պաշտոնական հրավերը կարծում եմ, որ հենց Դուք պետք է անեք», - ասաց Փոստանջյանը՝ դիմելով Գալուստ Սահակյանին։

«Պետք է վերլուծենք և տեսնենք՝ արդյո՞ք ձեռք տալիս է նրա այցը Հայաստան, և մենք ի՞նչ ենք ուզում դրանով առաջ քաշել։ Այնպես որ միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորիս կողմից, բայց միևնույն ժամանակ այստեղ քաղաքական խնդիր կա, պետք է խոսենք նաև այդ մասին», - պատասխանեց ԱԺ նախագահը։

Այսօր ավելի վաղ Փոստանջյանը հրապարակել է նաև Փայլանին ուղղված իր նամակը, որում մասնավորապես ասված է. - «Սիրելի Գարո, եղբայր, որքան նման են իմ և քո, մեր` 21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները: Տեսնելով և լսելով քեզ` յուրաքանչյուր հայի մեջ արթնանում է արդարության վերականգնման իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը: Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել իմ և քո, մեր բոլորիս Արևմտահայաստանի քաղաքակրթությունը և կոտորել հայ ժողովրդին ցեղասպանության միջոցով, թեպետ նրան, որ իրականացվեց, այնուամենայնիվ, չկարողացան մեզ վերացնել: Հրաշքով կենդանի մնացած մեր պապերը և տատերը պայքարեցին ու ապրեցին` կյանք տվեցին հայ ժողովրդի նոր սերնդին: Ես և դու, լինելով այդ հրաշքով փրկված պապերի և տատերի չորրորդ սերունդը, պետք է ծնվեինք 1972-ին: Երկուսիս նախնիները, անկախ միմյանցից լինելով Խարբերդի նահանգից և անոր ոսկե քաղաքներից` Մալաթիայից ու Արաբկիրից, մեզ փոխանցեցին հանձնառություն` պահանջել արդարություն: Երբ մենք ծնվեցինք, կարծում եմ` մեր ծնողքը չէին կարող պատկերացնել, որ երբևէ խորհրդարանական հարթակից, դու` թուրքական պետության, ես` հայկական, պետք է պահանջենք արդարություն, պետք է պահանջենք դատապարտում:

Եղբայր, քո կողմից լռության խախտման շնորհիվ Մայր Արաքսի այս ափից` Արարատյան սրբազան հողից նույնպես գալու է արձագանք, որը տարածվելու է ողջ Հայկական բարձրավանդակով: Մեզանից հատված և զատված, դեռ չիմացության մեջ գտնվողները նորից հայանալու են, նորից մեր սրբազան Եփրատը հայերեն է երգելու, Տավրոսը հայերեն է խոսելու և Մհերի Դուռը բացվելու է: Եղբայր, դու ապրում ես Պոլսում` մեր պապերի մայրաքաղաքում, ես ապրում եմ Երևանում` ներկայիս հայկական մայրաքաղաքում, ունենք նաև ազատագրված հայկական մայրաքաղաք Ստեփանակերտ, մինչև մեր երազանքին հասնելը` Միացյալ Հայրենիքի մայրաքաղաքի` Կարինի վերահայանալը, դու պետք է գաս Երևան և Ստեփանակերտ: Պետք է գաս և հայոց խորհրդարանի հարթակից ներկայացնես մեր պապերից ստացած հանձնառությունը: Պետք է հղես ուղերձդ Արագածի լանջերից դեպի սրբազան Արարատ: Եղբայր, հայ ժողովուրդը Մայր Արաքսի այս ափին սպասում է քեզ», - գրել է Փոստանջյանը։