Ադրբեջանցի դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեն երկու ամսով կալանավորվել է

«ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փետրվարի 4-ին ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին», - տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում տալով ԼՂ դատական դեպարտամենտին։

Միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ: Դատարանի որոշմամբ՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանավորում երկու ամիս ժամկետով:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ փետրվարի 1-ին ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, ղարաբաղյան ուժերը, ժամանակին նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել հակառակորդին, այդ ընթացքում գերեվարելով 1995 թ․-ին ծնված Էլնուր Հյուսեինզադեին:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է դիվերսիոն փորձի և իր կորուստների վերաբերյալ տեղեկությունները, նշելով, որ հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել բանակից և ներկայումս հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում: