ԼՂ Օմբուդսմենն այցելել է դիվերսիայի փորձ կատարելիս ձերբակալված Հուսեյնզադեին

«Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով», - ասված է ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

«Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։

Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը», - նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ փետրվարի 1-ին ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, ղարաբաղյան ուժերը, ժամանակին նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել հակառակորդին, այդ ընթացքում գերեվարելով 1995 թ․-ին ծնված Էլնուր Հյուսեինզադեին:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է դիվերսիոն փորձի և իր կորուստների վերաբերյալ տեղեկությունները, նշելով, որ հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել բանակից և ներկայումս հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում: