Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբի օրը շնորհավորական հեռագիր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համատեղ արդյունավետ աշխատանք կտանեն գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի, հեռագրում Լավրովը մասնավորապես ասել է, որ ժամանակակից աշխարհում ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակում են հատուկ դերակատարություն ունենալ հատկապես ռազմավարական կայունության ու անվտանգության ապահովման առումով։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ ակնկալում է երկկողմ և միջազգային օրակարգային հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն։