3-ական տարվա ազատազրկում՝ Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնության համար

Փաստաբանները վստահ են՝ այսպիսի վճիռներով փորձ է արվում քաղաքացիներին փողոց դուրս գալուց ու իրենց բողոքի ձայնը բարձրացնելուց հետ պահել։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երեքական տարվա ազատազրկման դատապարտեց Խորենացի փողոցում անցած հուլիսին տեղի ունեցած ցույցերի մասնակից Արսեն Մկրտումյանին, Գագիկ Միքայելյանին ու Սոսո Մարգարյանին։

Նրանք մեղադրվում էին Պարեկապահակային գնդի տարածքի գրավումից հետո հուլիսի 20-ի բախումների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Ամբաստանյալները մեղքն ընդունել էին ու համաձայնել արագացված դատական կարգի։ Սոսո Մարգարյանը, սակայն, հայտարարեց՝ ընդունում է, որ քար է նետել, սակայն, չի կարծում, թե կատարածը հանցագործություն է։

Սոսո Մարգարյանի փաստաբան Արա Զաքարյանն էլ ասաց, որ դատարանից պահանջել էր պարզաբանել նաև այդ օրը ոստիկանների կատարած գործողությունները, քանի որ կարծում է, որ դրանք իրավաչափ չեն եղել։ Ինչ վերաբերում է մեղքն ընդունելուն, ապա, ըստ Զաքարյանի, ամբաստանյալներն այդ քայլին դիմել էին՝ մեղմ պատիժ ակնկալելով։

Ըստ Զաքարյանի, իր պաշտպանյալ Սոսո Մարգարյանը քար նետել է միայն այն բանից հետո, երբ նրա մոտ լուսաձայնային նռնակ է պայթել, ինչի հետևանքով ոտքերը վնասվել են։ Արա Զաքարյանը և գործով մյուս պաշտպան Արա Ղարագյոզյանը վստահ են՝ այսպիսի վճիռներով փորձ է արվում քաղաքացիներին փողոց դուրս գալուց ու իրենց բողոքի ձայնը բարձրացնելուց հետ պահել։

Սոսո Մարգարյանի հայրը՝ Իշխան Մարգարյանը ևս համամիտ չէ դատարանի այս վճռի հետ։ Կարծում է, որ քաղաքական որոշում է կայացվել։

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար հուլիսի 20-ին կազմակերպված ցույցի ժամանակ, ըստ իրավապահների, տուժել է 46 ոստիկան։ Ավելի վաղ դատարանը նույն օրը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող չորս քաղաքացիների գործով էլ էր վճիռ կայացել։ Նրանցից երկուսը պատժի պայմանական կիրառմամբ ազատ էին արձակվել, իսկ մյուս երկուսը ճաղերի ետևում կմնան երեք տարի։