Բաքուն պնդում է՝ դիվերսիայի փորձ չի եղել, գերեվարվածն էլ «ներկայումս չի ծառայում»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության շանքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե երեկ «հայերի կողմից տարածված տեղեկատվությունը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ռազմաճակատի գծում սադրանք իրականացնելու և նրա կորուստների մասին սուտ է»:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, թե «ռազմաճակատի գծում չեն եղել ակտիվ մարտական բախումներ», իսկ «Էլնուր Հուսեյնզադեն, որի անունը նշվում է հայերի կողմից տարածված տեղեկատվությունում, որոշ ժամանակ առաջ զորացրվել էր զինվորական կարգուկանոնը պարբերաբար խախտելու և ծառայության դուրս չգալու համար», ու «ներկայումս այդ մարդը չի ծառայում»:

Երեկ, այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ «թշնամու կրակից» վիրավորվել է ժամկետային զինծառայող, սերժանտ Ռաուֆ Մուհամեդ օղլու Իսաևը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հիշեցնենք, ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է, երբ Պաշտպանության բանակը կասեցրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: