Տնտեսագետ Արտակ Մանուկյանի համոզմամբ, քաղաքացիներն իրականում շատ ավելի մեծ գումար են վճարում, քան օրենքով սահմանված 1000 դրամն է։
Նշենք, որ հունվարի աշխատավարձերից հազարավոր քաղաքացիներից օրենքի պահանջով արդեն գանձված 1000-ական դրամները փոխանցվել են հատուկ ստեղծված հիմնադրամի հաշվին: Օրենքի համաձայն, հիմանդրամում հավաքված գումարները կուղղվեն 2017-ից սկսած բանակում վիրավորում ստացող զինվորների կյանքի ու առողջության ապահովագրությանը։
«Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ ովքեր ունեն զինծառայողներ, ազատվում են 1000 դրամներից: Երբ որ հիմա դուք օրենքը նայեք, եթե ճիշտ եմ հիշում՝ հոդված 11-ը, այնտեղ այսպիսի բան է ասվում, որ դու վճարում ես, հետո գնում ես էդ դիմումդ տալիս ես, որ հետ վճարեն։ Այսինքն՝ լրացուցիչ վարչական խոչընդոտներ են։ Եվ երկրորդ կարևոր բանը՝ դուք իրականում շատ ավելի մեծ գումար եք վճարում, քան՝ 1000, ասեմ ինչու՝ որովհետև դուք ունեք անվանական աշխատավարձ, օրինակ, 180 հազար՝ միջինը Հայաստանում, 180 հազարը հարկվում է, հարկվածից ինչքան որ մնում է, դու նորից 1000 դրամ ես վճարում, այսինքն՝ քեզ, կարելի է ասել, որ կրկնակիորեն հարկում են», - ասաց տնտեսագետը՝ շարունակելով. - «Եվ ամենակարևորը․ օրինակ՝ դուք մեկից ավել մի քանի անգամ պայմանագրեր եք կնքել, ամեն մեկի համար դուք 1000 դրամ ևս լրացուցիչ մուծում եք, և այս պահի դրությամբ՝ թե ոնց են լինելու դրա մեխանիզմներն, այնտեղ գրված չէ, գրված է, որ 12 ամիս վճարում ես, հետո կարող ես գնալ՝ մի մասը կգնա, մի մասը զահլա չի անի գնալ, գնաս և փորձես դա հետ ստանալ։ Բայց ոնց է լինելու հարկային այս հարաբերությունները՝ դեռ այս պահի դրությամբ պարզ չի»։
Տնտեսագետի համոզմամբ՝ օրենքում բացթողումները շատ են ու անտրամաբանական։ «Առաջին բանը, որը դրական էր ու կառավարությունն իր ծրագրում խոսում էր՝ հարկային կերպարի վստահության բարձրացում... վստահությունը հենց ձևավորվում է խաղի կանոններով թափանցիկ դաշտը ծածկելուց։ Չի կարելի ասել՝ լավ, հենց որ բարձրաձայնեցին, հաշվեհամարը կանենք, հենց որ բարձրաձայնեն, կմտածենք մեխանիզմներ, թե ոնց են էս գումարները հետ ստանալու։ Այստեղ օրենքի շրջանակներում այնքան բացթողումներ կան, տրամաբանությունն ընդհանրապես քննարկման ենթակա չի, որովհետև չեք գտնի մի երկիր, որը բյուջեից բացի պարտադիր մեկ այլ ևս հարկատեսակ, հիմնադրամներ բացի և պարտավորեցնի գումար վճարել», - ասաց Մանուկյանը։
Ֆինանսական կառավարման տեսանկյունից սա, ըստ տնտեսագետի, անընդունելի մոտեցում է, «որովհետև մենք հարկի տեսքով պետությանը տալիս ենք, վճարում ենք իր ծառայությունների համար, ինքը թող որոշի՝ ինչը ոնց է անում»։ «Բազմիցս նաև ասել ենք՝ հարցի արժեքն, ըստ էության, շատ փոքր է, և եթե քաղաքական կամք լինի, օրինակ՝ կոռուպցիան, կամ արհեստական գներով բարձր ձեռքբերումները նվազեցնել, այնտեղ շատ ավելի մեծ գումար է թաղված, քան այս շարքային քաղաքացիներից 1000-ական դրամ հավաքագրելը, որը իրականում, էլի եմ ասում, 1000 չի, շատ ավելի է», - ընդգծեց տնտեսագետը։