Դիվերսիոն ներթափանցման փորձ Թալիշի ուղղությամբ, ադրբեջանցի զինվոր է գերեվարվել․ ԼՂ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ըստ հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել:

Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թվականին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

Նախարարությունը նշում է, որ ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: