Անցած տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը նվազել է ավելի քան 12 հազարով

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱԱԾ) հրապարակած տվյալների, Հայաստանի մշտական բնակչությունն այս տարեսկզբին, 2016-ի հունվարի 1-ի համեմատ, նվազել է 12 100-ով:

ԱԱԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորված է երկու գործոնով՝ ծնելիության նվազմամբ և միգրացիայի աճով:

Կույումջյանի ասում է, որ պարզելու համար, թե որքան է կազմում միգրանտների թիվը, տնային տնտեսություններում անցկացրել են հետազոտություն․ - «Գնահատել ենք միգրացիայի ցուցանիշը․ 24 հազար 600 մարդ՝ մինուս նշանով: Օրինակ, 2015 թվականին ցուցանիշը եղել է մինուս 25 հազար 900, դրա նախորդ տարին եղել է մինուս 21 հազար 800: Այսինքն որոշակի աճ կա»:

2016-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ավելացեն է նաև սահմանահատումների թիվը: Ըստ տվյալների, երկիր մուտք է գործել 769 հազար 19 ՀՀ քաղաքացի, երկրից դուրս է եկել 820 հազար 398 հայաստանցի: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում հետ չի վերադարձել նրանցից 51 հազար 379-ը:

Վիճակագրական տվյալները վկայում են նաև, որ նվազել է ծնուդների թիվը: Եթե 2014 թվականին գրանցվել է 43 հազար 301 ծնունդ, 2015-ին՝ 41 հազար 763, ապա նախորդ տարի լույս աշխարհ է եկել 40 հազար 638 երեխա:

Մարդահամարի բաժնի պետը ընդհանուր տվյալների մեջ սա համարում է ամենամտահոգիչը՝ պայմանավորելով թե՛ միգրացիայիով, թե՛ ընդհանուր ժողովրդագրական պատկերով․ - «Եթե բնակչության թվաքանակը նվազում է, բնականաբար ավելի քիչ ամուսնական զույգեր են գրանցվում, բնականաբար ավելի քիչ երեխաներ են ծնվում: Բայց էն մի գործոնի մասին էլ ես ասեցի, որ տարիներ ունեցանք, երբ որ քիչ երեխաներ ծնվեցին: Հիմա նրանք ինչ-որ չափով արդեն մտնում են վերարտադրողական տարիք»:

Ծնելիությունը խթանելու համար պետությունը միջոցներ ձեռնարկեց, որոշակի ծրագրեր իրականացրեց, բայց, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, իրականում դրանք անհեռանկարային եւ անօգուտ փորձեր էին:

Խառատյանի դիտարկմամբ՝ որքան էլ երրորդ երեխայի համար ծնողին կլորիկ գումար են տալիս, այդուհանդերձ դրա չափը չի շահագրգռում ընտանիքի աճը․ - «Դրանք քաղաքական շոուների նման բաներ են: Մի քիչ գումար է ծախսվում դրա վրա, մատուցվում են որպես քաղաքական հաղթանակներ, բայց բացարձակ դատարկ, սնանկ գաղափարներ են, հետևանքներ չկան և չեն էլ կարող լինել»:

Ազգագրագետը վստահ է, որ արտագաղթի նման շարունակական աճը պահպանվելու է և առաջիկայում: Ավելին, նրա համոզմամբ՝ երկրից վաղուց արդեն հեռանում են ոչ միայն սոցիալական պատճառներով: Գնում է այն խավը, որն ունի ներքին ռեսուրսներ, գիտելիք ու փորձ, բայց չունի հավատ Հայաստանի լուսավոր ապագայի հանդեպ․ - «Խոսքը նույնիսկ ոչ միայն և, ես կասեի՝ ոչ այնքան սոցիալ-տնտեսական փոփոխությունների մասին է, այսինքն՝ նյութական բարեկեցության, այլ իրավական և ստեղծագործական հնարավորության, արդարության պակասի: Մարդիկ որևէ հույս չունեն, որ, օրինակ, պետական կարիքների համար իրենց ունեցվածքը չեն փաստացի բռնագրավի: Որ դատարանով հնարավոր կլինի վերականգնել իրենց իրավունքի խախտումը պետական կառույցների կողմից, նաև մասնավոր անձանց կողմից»:

Վիճակագրությունը փաստում է, որ արտագաղթում են հիմնականում մարզերից:
Բնակության ցածր ցուցանիշներն ունեն հատկապես Սյունիքը, Տավուշն ու Վայոց Ձորը:

Խառատյանի խոսքով՝ սա սխալ տարածքային կառավարման արդյունքն է, որը բերում է Հայաստանի համար կարևոր սահմանամերձ բնակավայրերի դատարկմանը: