Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատական կարգադրիչները կուղեկցեն մինչև Կիրով քաղաքի դատարան՝ «Կիրովլես» ընկերությունից յուրացում կատարելու գործով այսօր կայանալիք դատական նիստին:
Երեկ կարգադրիչները Նավալնիին բերման էին ենթարկել սեփական գրասենյակից: Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Նավալնին և նույն գործով անցնող գործարար Պյոտր Օֆիցերովը պետք է հարկադրաբար բերման ենթարկվեն դատարան:
Ինքը Նավալնին պնդում է, որ տոմս ուներ Կիրով մեկնելու համար:
2013 թվականին Նավալնին և Օֆիցերովը պայմանական ազատազրկման էին դատապարտվել․ ըստ մեղադրող կողմի՝ նրանք խոշոր քանակի փայտ էին գողացել անտառից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռը անարդար է որակել: 2016 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը գործը ուղարկել է կրկնական քննության: