Աշխարհը շարունակում է արձագանքել Թրամփի հրամանագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 31-ը հունվարի, 2017թ․

Աշխարհը շարունակում է արձագանքել Միացյալ Նահանգների նախագահի վերջին հրամանագրերին, որոնցով գերտերությունը ժամանակավորապես՝ 90 օրով դադարեցրել է ներգաղթը մահմեդական 7 պետություններից, ինչպես նաև 120 օրով մուտքի արգելանք սահմանել փախստականների համար ցանկացած երկրից:

Սև ցուցակում ընդգրկված Իրանի արտգործնախարարը երեկ վերահաստատեց՝ Թեհրանն այլևս մուտքի անցագիր չի տա ամերիկացիներին:

Սահմանափակումների ցանկում ընդգրկված Իրաքի խորհրդարանը ևս հրահանգել է կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել, եթե Վաշինգտոնը չվերանայի իր որոշումը:

«Համարժեք պատասխան տալով՝ մենք կպահենք Իրաքի հեղինակությունն ու իրաքցիների պատիվը, երկրորդ՝ անհրաժեշտ է ուղերձ հղել ամերիկյան Կոնգրեսին՝ Թրամփի որոշումը վերանայելու համար, երրորդ՝ կոչ անել ՄԱԿ-ին, Արաբական լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանն ու միջազգային մյուս կազմակերպություններին՝ վճռական պատասխան տալ», - հայտարարել է Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Աբբաս ալ-Բայաթին:

Ցուցակում ընդգրկված մյուս երկրի՝ Եմենի իշխանություններն առայժմ համարժեք արձագանքի մասին չեն խոսում, բայց զգուշացնում են, որ Միացյալ Նահանգների նախագահի հրամանագրերը անվտանգությունն ամրապնդելու փոխարեն կնպաստեն ահաբեկչության տարածմանը:

Խիստ են արձագանքները Եվրամիության առաջատար երկրներից. Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն պնդել է, թե Դոնալդ Թրամփը ողջամիտ կլինի, եթե վերանայի սահմանափակումները։

«Փախստականներին ընդունելը մեր պարտականությունների մի մասն է, և մենք պետք է երաշխավորենք, որ այն իրագործվում է ազնիվ ձևով ու բոլորի կողմից: Կարճ ասած, եթե իմ կարծիքն եք հայտնում, պետք է ասեմ՝ այդ որոշումը մեզ միայն կարող է մտահոգել», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Նահանգների միգրացիոն նոր քաղաքականությունը քննադատել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով երկու օր առաջ էր հեռախոսազրույց ունեցել Դոնալդ Թրամփի հետ: «Ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդարացնել նման համահավասարեցված վերաբերմունքը կոնկրետ ազգության կամ կրոնի նկատմամբ», - հայտարարել է Մերկելը։

Որոշումը խտրական են որակել նաև Շվեդիայի, Թուրքիայի իշխանությունները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն ու Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Իտալիան, մինչդեռ, պնդել է, որ Եվրամիությունն այժմ այն դիրքում չէ, որ կարողանա այլոց որոշումներին գնահատական տալ։ «Չպետք է մոռանանք, որ մենք էլ ենք Եվրոպայում պատեր կառուցել», - հայտարարել է Իտալիայի արտգործնախարարը:

Չեխիայի թիվ մեկ դիվանագետն առավել հեռուն է գնացել՝ հայտարարելով, թե «յուրաքանչյուր տանտեր իրավասու է ինքը որոշել, թե ում է ուզում իր տուն թողնել և ում՝ մերժել՝ անվտանգության նկատառումներով»: