Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տարօրինակ է որակում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետականից դուրս գալու որոշումը։
Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր համար էլ ամեն ինչ հստակ չէ, թե իրականում ինչ է եղել։
«Ազատություն». - Ի՞նչ է եղել, պարոն Զաքարյան, ինչո՞ւ ձեր ամենաառանցքային դեմքերից մեկը լքեց, կամ նեղացավ։
Զաքարյան. - Անկեղծ ասեմ, ինձ համար էլ ամեն ինչ հստակ չի և պարզ չի, թե իրականում ինչ է եղել, և կարծում եմ՝ նաև ժամանակը որոշակի առումով շատ հարցերի պատասխան կտա։ Հանրապետական կուսակցությունը բավականին խոշոր քաղաքական միավորում է, Հանրապետական կուսակցությունը ունի և՛ ներքին, և՛ արտաքին բավականին ծանր քաղաքական կապիտալ, և, հետևաբար, անհատների տեղաշարժը, կամ անհատների որոշումները քաղաքական մեծ հաշվով կորպորատիվ նշանակություն ունեն։
«Ազատություն». - Այսինքն՝ ոչինչ չի՞ կորցրել Հանրապետականը։
Զաքարյան. - Ես չեմ կարող ասել, որ ոչինչ չի կորցրել, իհարկե, նաև որոշումն ինձ համար, այնուամենայնիվ, շարունակում է մնալ տարօրինակ որոշում։ Ես ինքս որևէ հիմնավոր պատճառ, այնուամենայնիվ, եթե նույնիսկ դրանք կան էլ, ինձ համար այս փուլի համար շարունակում է մնալ անընդունելի։
«Ազատություն». - Նախորդ վարչապետին տեսնո՞ւմ եք որպես ընդդիմադիր գործիչ։
Զաքարյան. - Թույլ տվեք նման կանխատեսումներ չանել։ Տեսականորեն շատ դժվար է անմիջապես 180 աստիճանով փոփոխություն քաղաքական համակարգում, բայց ինչպիսին կլինի պրակտիկան` առայժմ դժվարանում եմ ասել։ Տեսության մեջ, որպես կանոն, այդպիսին չի լինում, այդպես չի լինում, եթե, իհարկե, ընտրությունների արդյունքում իշխող քաղաքական ուժը չի դառնում ընդդիմություն, ապա իշխող քաղաքական ուժից այսպես առանձնացող անհատների գործունեությունը ընդդիմադիր դաշտում մի փոքր քաղաքական դիսբալանսի և քաղաքական անոմալիաների շարքին պետք է դասել։
«Ազատություն». - Արարատի մարզպետը հրաժարական է ներկայացրել։ Սա Հովիկ Աբրահամյանի հեռացման հետևանքը չէ՞։
Զաքարյան. - Ես չեմ կարող ասել, որովհետև չեմ խոսել Արարատի մարզպետի հետ այդ թեմայի հետ կապված։ Պատճառները ճիշտ կլինի, որ հենց իրենից հարցնեք։
«Ազատություն». - Հանրապետականը չի՞ կորցնում Արարատի մարզն այս գործընթացների արդյունքում։
Զաքարյան. - Արարատի մարզը մնում է Հայաստանի Հանրապետության կազմում, չէ՞...
«Ազատություն». - Հայաստանի Հանրապետությունից դուրս չի գալիս, բայց...
Զաքարյան. - Կառավարությունն է, չէ՞, նշանակում մարզպետին, կառավարության պատասխանատուն Հանրապետական կուսակցությո՞ւնն է։ Կարծում եք՝ Հանրապետական կուսակցության կադրերը սպառվեցի՞ն, ավարտվեցի՞ն։
«Ազատություն». - Բայց այդ անձինք տարիներ շարունակ եղել են ձեր կուսակցության ներկայացուցիչ, կազմակերպել են ՀՀԿ-ի նախընտրական գործընթացները, և հիմա, կարծեք, թիմով դուրս են գալիս։
Զաքարյան. - Այդ թիմը մեր կուսակցական գործընկերներն էին, և ես կարծում եմ, որ նրանցից շատերը կմնան որպես գործընկեր՝ կուսակցական։