Խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը կարող է վիճարկվել ՍԴ-ում

Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը չի բացառում խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը:

Պատգամավորը կարծիքով, տեղի է ունեցել Սահմանադրության խախտում. ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները նշանակվեին ապրիլի 20-ից հետո:

«Իրավական հիմնավորումներն ակնհայտ են, և թերևս հերքումը այդ իրավական հիմնավորումների մինչև այժմ չի հնչել: Ավելին՝ փաստել են, որ Սահմանադրության և նորմերի միջև կա որոշակի բովանդակային հակասություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Անցած շաբաթ Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության փոխնախագահը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով «չսկսել խախտումով»:

Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը ասել էր, թե դեմ չէ ընտրությունների օրը 4-5 օրով տեղափոխելուն՝ դա, սակայն, պայմանավորելով ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով:

Էլինար Վարդանյանի նամակի իրավական պատասխանը տվել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նախարարը նախ պարզաբանել էր, որ «նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, ինչպես ամրագրված է 2015-ի Սահմանադրության փոփոխություններով»: Ապա խոսել էր ներսահմանադրական անհամապատասխանության մասին, որը, ըստ Հարությունյանի, առաջացել է մայր օրենքի վերջին փոփոխությունների անցումային դրույթներում Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացնելու մասին հոդվածը ներառելու պատճառով:

«Ընտրական գործընթացի բնականոն ընթացքը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվեն ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր և ոչ ուշ, քան 50 օր առաջ», - նկատել էր Հարությունյանը:

Էլինար Վարդանյանի խոսքով, այդ պարզաբանման մեջ ներկայացված էին ոչ թե իրավական հիմնավորումներ, այլ սահմանադրության նորմերի մեկնաբանություններ․ - «Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն որևէ մեկը չունի: Ո՛չ կառավարության ներկայացուցիչները, ո՛չ էլ Ազգային ժողովի: Այդ թվում նաև՝ ոչ էլ ես։ Իրավական հիմնավորումներ որպես այդպիսին չէին ներկայացվում, այլ պարզապես ներկայացվում էր, թե Սահմանադրության երկու նորմերի բովանդակային հակասության դեպքում ավելի նպատակահարմար է առաջնություն տալ որևէ այլ նորմի: Մինչդեռ նորմերի նպատակահարմարությունը մենք չէ, որ պետք է որոշենք»:

Սահմանադրական դատարանի դիմելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 27 պատգամավորների ստորագրություն: «Համախմբում» կուսակցությունը 4 պատգամավոր ունի խորհրդարանում: Համապատասխան ձևաթուղթն Ազգային ժողովից դեռ չեն վերցրել:

Հարցին, թե արդյոք ունեն հավաստիացումներ, որ առնվազն 27 պատգամավոր կստորագրի ձևաթուղթը, Էլինար Վարդանյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, կլինի: Բայց, անկեղծ ասած, քանի դեռ այս պահին տարբեր ֆրակցիաների պատգամավորների հետ խորհրդակցում ենք, հետևաբար դրա վերաբերյալ ինֆորմացիան ավելի ուշ կհայտնվի՝ որևէ վերջնարդյունքի գալուց հետո»

Հիշեցնեմ, ՀԱԿ-ը նույնպես քննարկում է նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախաձեռնությանը չեն միանա, որովհետև «ընտրություններից հետո հնարավոր մյուս գործընթացների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ»:

«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարները՝ Հեղինե Բիշարյանն ու Նաիրա Զոհրաբյանն ասացին, որ չեն քննարկել հարցը:

«Ազատության» եթերում ՀՀԿ ղեկավար անդամ, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր մեկնաբանեց Սահմանադրական դատարանում այս հարցը վիճարկելու նպատակահարմությունը․ - «Ես չեմ հասկանում քաղաքական իմաստը: Եթե իրավական հիմքերն ամբողջությամբ ապահովված են, ապա նրանց նպատակն է որևէ կերպ ճանապարհ հարթել, ինչ-որ ձևեր գտնել նախընտրական, հետընտրական գործընթացներում ասելիք ունենալու համար»: