Հիվանդ ազատամարտիկը մտահոգ է, թե առաջիկա գարունը «չի տեսնի»

Ղարաբաղյան պատերազմի վետերան Գագիկ Խաչատրյան

Ղարաբաղյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիմնած «Անկախության բանակի» ազատամարտիկ Գագիկ Խաչատրյանն արդեն կորցրել է ստացած մեդալների ու պատվոգրերի հաշիվը։ Բայց սպառած գազի և էլեկտրաէներգիայի հաշիվները կորցնել չի կարող, քանի որ արդեն դատարանից է ծանուցագրեր ստանում։

«Նոյեմբերի 11-ին բերել են էս թուղթը, որ գազի գրասենյակն ինձ դատի է տվել»,- պատմում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող Գագիկ Խաչատրյանը, ով միայնակ ապրում է իր պապական տանը, որտեղ ընդամենը հաշվառված է։ Ցուրտ ձմռան պատճառով տան պայմանները վատթարացել են: Սենյակում, որտեղ նա էլեկտրական սալիկ է միացնում, բավական ցուրտ է՝ ընդամենը 10 աստիճան: Արդեն 10 ամիս է՝ դատարանի որոշմամբ ազատամարտիկի բնակարանի գազն անջատել են։ Մինչ, անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին նա կամավոր մեկնել էր ճակատ, Երևանում խաչատրյանի 25 600 դրամ գազի պարտքի հարցը վճռվում էր դատարանում։

Պատերազմից մնացած հիվանդություններից բացի, Գագիկ Խաչատրյանը տարիների ընթացքում այլ առողջական խնդիրներ էլ է ձեռք բերել: Սակայն, բժշկի դիմելու հնարավորություն չունի, միայն իրեն հայտնի ժողովրդական մեթոդներն է կիրառում: «Ես աղեստամոքսային տրակտի խնդիր ունեմ, էս նուռի չորացրած կեղևները լավ օգնում են։ Մանդարինինն էլ լավ օգնում է մրսածությանը։ Մեկ էլ՝ ոտքի լայնացած երակներ ունեմ, խցանված, դրա վրա թրջոց եմ դնում, լավ օգնում ա»,- ասում է ազատամարտիկն ու հավելում՝ իր միակ սեփականությունը հավատարիմ Ինգա շունն է, որին իրենից լավ է խնամում։ «Ես Հայաստանի ու Արցախի տարածքների ազատագրման գործում իմ լուման ունեմ, բայց էս երկու տարածքներում մի սեփական դոմիկ էլ չունեմ»,- ասում է Գագիկ Խաչատրյանը:

Զրույցի ընթացքում նա մերթ վրդովվում էր, մերթ հանդարտվում: Ասում է՝ իր վատ վիճակի մասին չի սիրում խոսել, պետությանը պահանջներ չի ներկայացրել, բավարարվում է հաշմանդամության թոշակով, բայց եթե շարունակի այդ պայմաններում ապրել, գարունը չի տեսնի։ «Ես նեղացած չեմ, ես ընդամենը վիրավորված եմ, պարզ ա՝ ումից։ Նրանցից, ովքեր մեծ-մեծ խոսում են։ Էսօր ռեկլամ են անում, սուտ, անամոթաբար։ Եթե անգամ մեկից նեղվել եմ, մեկից արհամարվել եմ, մեկից վիրավորվել եմ, ի՞նչ մեղք ունեն իմ պապական հողերը դրանում»,- ասում է ազատամարտիկը:

Գագիկ Խաչատրյանն ավելի է վրդովվում, երբ հիշում է ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հեկտար տարածքը: «Երբ մենք ոտքի ելանք ու դիմադրեցինք, էդ ի՞նչ ա նշանակում՝ Բաքուն վայնասունը գցեց ու ռուսն ասեց ստոպ։ Այսի՞նքն։ 800 հեկտարը թողիք, ինչ ա թե՝ ռուսն ասեց ստո՞պ»: