Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի առաջին հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցը չի քննարկվել։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ ասել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը։
Սպիտակ տունն ակնկալում է համագործակցել Ռուսաստանի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում՝ հատկապես Սիրիայում։ «Եթե ուզում ենք հաղթել «Իսլամական պետության»-ը, Ռուսաստանի հետ համագործակցելը պետք է առաջին քայլը լինի», - երեկ հայտարարել է Սփայսերը և հավելել, որ պատժամիջոցների չեղարկման հետ կապված որևէ որոշում չի կայացվել։
«Թրամփը շարունակելու է երկխոսությունը Պուտինի հետ, մեր թիմը շարունակելու է շփումները Ռուսաստանի պաշտոնյաների հետ, սակայն պատժամիջոցների հետ կապված որոշում չի եղել։ Իրականում այս հարցը հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկվել», - ասել է Սպիտակ տան խոսնակը։
Հիշեցնենք, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 28-ին։ Կրեմլը նույնպես հայտարարել է, որ նախագահները պատժամիջոցների հարցը չեն քննարկել։
Սպիտակ տան մամլո խոսնակը, սակայն, չի բացառել, որ Թրամփը կանդրադառնա պատժամիջոցների հարցին՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը չի բացառում ոչ մի հնարավորություն։ «Նա՝ Թրամփը, բանակցություններ վարելու մեծ վարպետ է և մտադիր չէ բացել Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների բոլոր մանրամասները։ Եթե մենք կարողանանք «Իսլամական պետության»-ը հաղթելու համատեղ ծրագիր մշակել կամ համագործակցել Ռուսաստանի հետ այս հարցով, մենք մտադիր ենք դա անել», - ասել է Սփայսերը։
Նշենք, որ կիրակի օրը Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը ռուսական լրատվամիջոցների հիմնական թեման էր, իսկ «Նովոստի» լրատվական գործակալությունը հոդված էր հրապարակել՝ «Թրամփը զանգել է ընկերոջը» վերնագրով։