Թրամփը կասեցնում է ներգաղթը մի շարք երկրներից

ԱՄՆ նախագահը ստորագրում է ներգաղթի վերաբերյալ հրամանագրերը, Սպիտակ տուն, 27-ը հունվարի, 2017թ․

Միջազգային մի քանի ավիաընկերություններ, առաջնորդվելով ԱՄՆ նորընտիր նախագահի վերջին հրամանագրերով, հրաժարվում են մահմեդական յոթ երկրների քաղաքացիներին Ամերիկա տեղափոխել: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հրահանգել էր 90 օրով փակել Ամերիկայի մուտքը Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար, ինչպես նաև 120 օրով դադարեցնել փախստականների ընդունումը ցանկացած երկրից: Սիրիացի փախստականների դեպքում Դոնալդ Թրամփը սահմանել է մուտքի անժամկետ արգելանք` բացառություն անելով միայն քրիստոնյաների համար: «Սիրիայի քրիստոնյաներն ամենաշատն են տուժել իսլամիստ ահաբեկիչների գործողություններից», - պնդել է Թրամփը քրիստոնեական CBN ալիքին տված հարցազրույցում:

Սպիտակ տան ղեկավարի հրամանագրում նշվում է նաև, որ այս տարի Նահանգները մտադիր է առավելագույնը 50 հազար փախստական ընդունել` այս դեպքում ևս նախապատվությունը տալով կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդման են ենթարկվում իրենց երկրներում:

ABC-ն փաստում է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամը չէ արգելափակում ներգաղթը կոնկրետ երկրներից: Վերջին անգամ Վաշինգտոնը նման քայլի էր դիմել 1980-ին` ժամանակավորապես սառեցնելով վիզաների տրամադրումը Իրանի քաղաքացիներին:

Մեկնաբանելով իր որոշումը` Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը նշել է. սահմանափակումները ոչ թե մահմեդականների դեմ են, այլ «այն երկրների, որտեղ ահաբեկչությունը խորը արմատներ է գցել»:

Ընդ որում, հրամանագիրը տարածվում է նաև Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի այն քաղաքացիների վրա, որոնք ավելի վաղ ստացել են Նահանգներում մշտական բնակության իրավունք` «Գրին քարտ»: Եթե հիմա նրանք դուրս գան Ամերիկայից, այլևս չեն կարողանա վերադառնալ, մինչև Սպիտակ տունը չվերանայի արգելանքը:

Մինչ այդ, Դոնալդ Թրամփի հրահանգով, ԱՄՆ վարչակազմը սկսում է ներգաղթյալներին մանրազնին ստուգելու մեխանիզմներ մշակել: Հաղորդվում է, որ Պետդեպարտամենտը անհապաղ անցել է հրամանագրերի իրագործմանը. փաստաթղթերի ստորագրումից հետո Նյու Յորք ժամանած երկու իրաքցիներ ձերբակալվել են, միջազգային ավիաընկերություններն էլ շատերին թույլ չեն տվել դեպի Ամերիկա ուղևորվող ինքնաթիռ բարձրանալ:

Առայժմ նշված յոթ երկրներից միայն Իրանն է հայտարարել, թե պատրաստվում է համարժեք պատասխան տալ` արգելելով Ամերիկայի քաղաքացիների մուտքը երկիր: «Թեև ամերիկյան իշխանությունների որոշումը ժամանակավոր բնույթ ունի, սակայն, այն հստակ վիրավորանք է մահմեդական աշխարհին ու հատկապես Իրանի ժողովրդին: Հակառակ ահաբեկչության դեմ պայքարելու ու ամերիկացիների անվտանգությունն ամրապնդելու հայտարարություններին` այդ որոշումը նվեր է ծայրահեղականների ու նրանց հովանավորների համար», - հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը:

Դոնալդ Թրամփի վերջին հրամանագրերը քննադատել են նաև ՄԱԿ-ն ու իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ թե՛ Նահանգներում, թե՛ դրա սահմաններից դուրս: