Թրամփն ու Պուտինը պատրաստակամություն են հայտնել կայունացնելու ռուս-ամերիկյան հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 28-ը հունվարի, 2017թ.

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները այսօր առաջին պաշտոնական հեռախոսազրույցն են ունեցել։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կես ժամ տևած զրույցի ընթացքում երկու կողմն էլ հայտնել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վերականգնելու և բարելավելու տրամադրվածության մասին։

«Մանրամասն քննարկվել են միջազգային արդի խնդիրները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, արաբա-իսրայելական հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վիճակը և Կորեական թերակղզին։ Անդրադարձ է եղել նաև ուկրաինական ճգնաժամի հիմնական կետերին։ Համաձայնություն է ձեռք բերվել գործընկերային հարաբերություններ հաստատել այս և այլ ուղղություններով»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Կրեմլը, սակայն, չի նշում, թե արդյոք Թրամփն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները թուլացնելու հարցը։ Սպիտակ Տունը առայժմ այս հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չի տարածել։

Պաշտոնական Մոսկվան նաև փոխանցում է, որ երկու նախագահները դրական են արտահայտվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի քայլերը համակարգելու հարցում։

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց հանդիպման հնարավոր օրը և վայրը ծրագրելու մասին հանձնարականներ տալ։ Երկու երկրների առաջնորդները նաև համաձայնել են պարբերաբար շփվել իրար հետ։