Ավելի քան 40 թուրք զինվորականներ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել են Գերմանիայի իշխանություններին: Այս մասին հաղորդում է Der Spiegel հանդեսը` տեղեկացնելով, որ ապաստանի խնդրանքով դիմած թուրք զինվորականների մեծամասնությունըբարձր սպայական կոչումներ ունի:
«Նրանց դիմումները Գերմանիայի միգրացիոն ծառայությունները քննելու են ընդհանուր կարգով», - գրում է Der Spiegel-ը:
Անցած տարվա դեկտեմբերին արդեն իսկ Բելգիայում և Գերմանիայում տեղակայված NATO-ի ստորաբաժանումներում ծառայող թուրք սպաներից մի քանիսը դիմել էին այդ երկրների իշխանություններին` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Նրանք մտավախություն ունեն, որ Թուրքիա վերադառնալու դեպքում կարող են հետապնդումների զոհ դառնալ հուլիսին իրականացված հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում: