ՀՔԾ-ն չի էլ փորձել բացահայտել Միհրան Պողոսյանին առնչվող գործը․ Հետաքննող լրագրող

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան, արխիվ

Օրերս հայտնի էր դարձել, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին վերաբերող օֆշորային գործի վարույթը:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունն այն մասին, թե Շվեյցարիան հրաժարվել է Հայաստանի ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի վերաբերյալ օֆշորային սկանդալի գործով իրավական աջակցություն ցուցաբերել՝ իրականությանը չի համապատասխանում, պարզապես հայկական կողմը ոչ պատշաճ միջնորդություն է ներկայացրել:

«Ազատության» հետ զրույցում նման պնդում արեց «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: «Մերոնք պարզապես հայտը սխալ են ներկայացրել: Հիմա երկու տարեբրակ կա՝ կամ դիտավորյալ են սխալ ներկայացրել, որպեսզի գործն առաջ չգնա, այսինքն՝ բանը չհասնի այնտեղ, որ շվեյցարացիների հետ համագործակցեն, կամ էլ իսկապես հայտ լրացնելու կարողություն չունեն»,- ասաց «Հետք»-ի խմբագիրը:

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ կարճվել է ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին վերաբերող օֆշորային գործի վարույթը: «Չի հիմնավորվել, թե նախկին գլխավոր հարկադիր կատարողն անօրինական ձեռնարկատիրական գործունեության է մասնակցել»,- հայտարարել էր Հատուկ քննչական ծառայությունը: Նշվում էր նաև, որ նախաքննության ընթացքում իրավական աջակցության համար դիմել են Շվեյցարիային, որտեղից հայտնել են, թե միջնորդությունը չեն կարող բավարարել:

«Հետք» պարբերականը, մինչդեռ, գրում է, որ իրենց հաջողվել է կապ հաստատել շվեյցարական իրավապահ մարմինների հետ, և նրանք այլ տեղեկություն են փոխանցել: «Շվեյցարական արդարադատության, նաև ոստիկանության դեպարտամենտն ասել է, որ իրենք կարող են նորից լրացնել [հայտը]: Փաստորեն, թույլ են տալիս, որ ճիշտ լրացնեն: Իրենք [Հայաստանի իրավապահները] չեն փորձել դա անել: Դա նշանակում է, որ պարզապես չեն ուզել գործի նոր ճյուղերով բացահայտումների գնալ, երևի քաղաքական որոշում չի եղել: Մանավանդ, որ Միհրան Պողոսյանը, այսպես կոչված, հանրապետական էլիտայի մեջ է և հնարավոր է՝ պատգամավոր դառնա: Երևի քաղաքական որոշում է կայացվել՝ փակեք, որ էս մարդը հանգիստ իր գործերն անի»,- շարունակում է Էդիկ Բաղդասարյանը:

Պնդումը, թե Հատուկ քննչական ծառայությունն իրականությունը չի հայտնել Շվեյցարիա ուղարկված միջնորդության վերաբերյալ, անհիմն է, մեկնաբանելով «Հետք»-ի հրապարակումը, «Ազատության» հետ զրույցում ասաց քննչական մարմնի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, չպարզաբանելով, սակայն, թե կոնկրետ ինչն է սխալ այդ հրապարակման մեջ:

«Գործի կարճման մասով բոլոր մանրամասները մենք ներկայացրել ենք, տեղադրել ենք մեր պաշտոնական կայքում: Այնպես որ «Հետք»-ի հրապարակումները, այդ թվում՝ այն մասին, որ հայտը սխալ է կազմված եղել, մենք անհիմն ենք համարում և փաստում, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց ՀՔԾ մամուլի քարտուղարը:

Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարողի անունը օֆշորային հայտնի «Պանամյան փաստաթղթերում» հայտնաբերվել էր շուրջ ութ ամիս առաջ, ինչից հետո Պողոսյանը հրաժարական էր տվել ու հեռացել մոտ 8 տարի զբաղեցրած պաշտոնից։

Հետաքննությունն իրականացրած «Հետք» պարբերականը գրել էր, թե համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի` Միհրան Պողոսյանին պատկանող օֆշորային ընկերությունները շվեյցարական բանկերից մեկում հաշվեհամար են բացել, որոնց առնչվող բոլոր փաստաթղթերի և բանկային հաշվեհամարների կառավարման իրավասու միակ անձը Միհրան Պողոսյանն է: ԴԱՀԿԾ նախկին ղեկավարն օրերս Ազատության հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունները, ասելով՝ «այդ ամենն ինձ հետ կապված չի եղել, չի եղել ոչ մի հաշիվներ էդ բանկում և որևէ բանկում, դա փաստ է»:

Արդարադատության գեներալ-մայոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարն «Ազատության» հետ զրույցում նաև չէր բացառել, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, տեղեկացնելով, որ արդեն ունի առաջարկ իշխող Հանրապետական կուսակցության կողմից: