Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փոփոխել է երկրի «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի 173-րդ հոդվածի այն կետը, որը պատասխանատվություն է սահմանում մարդկության դեմ գործված ոճիրների ժխտման համար՝ ներառյալ այն պարագաներում, երբ տվյալ ոճիրն իրավականորեն չի դատապարտվել Ֆրանսիական կամ միջազգային դատարանի կողմից: Օրենսդրական այս փոփոխությունը, մասնավորապես, կարող է վերաբերել Հայոց ցեղասպանության ժխտման դեպքերին:
Ըստ Սահմանադրական խորհրդի, «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքի հիշյալ կետի անհրաժեշտությունը չկա, քանի որ բռնությանն ու ատելությանն առնչվող դեպքերի նկատմամբ կիրառվել և կիրառվում է «Մամուլի ազատության մասին» օրենքը: Սահմանադրական խորհուրդը նաև նշել է, թե ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքը կարող է տեղի տալ դատական գործընթացների՝ մասնավորապես այն դեպքերում, երբ տվյալ իրադարձությունը նախապես իբրև ոճիր իրավականորեն չի դատապարտվել։
Ֆրանսիայի Սահամանդրական խորհուրդը համարել է, որ այդ ամենը կհանգեցնի անորոշության և կխանգարի պատմական բանավեճերին՝ վնաս հասցնելով արտահայտման ազատությանը: Հետևաբար, Սահմանադրական խորհուրդը ցեղասպանության ժխտումը պատժելու մասին դրույթը հայտարարել է Սահմանադրությանը հակասող:
Այս մասին այսօր հաղորդել է armenews.com կայքը, որը հրապարակել է նաև ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարությունը: «Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդը երբեք չի ընդունի նման նվաստացում», այսպես է վերնագրված հայտարարությունը, որում զարմանք է արտահայտված այն առնչությամբ, որ «Սահմանադրական խորհուրդը շարունակում է պնդել, թե մարդկության դեմ գործված ոճրի ժխտումը դատապարտելու համար պետք է այն նախապես դատապարտված լիներ միջազգային կամ ֆրանսիական դատարանում»:
Նույն հայտարարությունը նաև արձանագրում է, թե «արհեստականորեն պարտադրված այդ պահանջը գոյություն չունի ոչ 2008 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մեջ, ոչ էլ պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից»: «Իր այդ որոշմամբ, Սահմանադրական խորհուրդը բարոյապես և քաղաքականապես պատասխանատուն է հանդիսանում ֆրանսիացիներին, հատկապես՝ ծագումով հայ քաղաքացիներին թուրքական պետության ժխտողական հարձակումներին ենթակա դարձնելու համար»,- նաև ընգծել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդը՝ հավելելով, որ շարունակելու է դատապարտել Հայոց ցեղասպանության ժխտումն ու պայքարելու է դրա դեմ:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը երկրի Սահմանադրությանը հակասող էր ճանաչել նաև 2012 թվականի փետրվարին: