Օսկանյան․ Ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը Սահմանադրության խախտում է

Արխիվ -- Խորհրդարանական ընտրություններ, 6-ը մայիսի, 2012թ․

Ընտրության օրը 4-5 օրով տեղափոխելու՝ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը չի փարատել ընդդիմադիրների մտահոգությունները:

Խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը շարունակում է պնդել՝ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը միանշանակ Սահմանադրության խախտում է:

«Մեծամասնությունը ինչ որ որոշի՝ մեզ համար ընդունելի կլինի, բայց եկեք իրար չխաբենք: Նույնիսկ ամենապարզագույն հարցում, ես կարծում եմ, իշխանությունները ճիշտ որոշում չեն կարողանում կայացնել: Այնտեղ երկու խնդիր կա: Այո՛, ապրիլի 2-ին պետք չէ ընտրություն անցկացնել, երկրորդ՝ այնտեղ Սահմանադրության լրջագույն խախտում կա», - ասում է Օսկանյանը:

Ընտրության օրն ապրիլի երկուսին նշանակելը վիճահարույց են համարում ընդդիմության ու քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ՝ բերելով և՛ իրավական, և՛ բարոյական հակափաստարկներ։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ բաց նամակը վերնագրելով՝ «Չսկսենք խախտումով»: ՀԱԿ-ը պահանջել էր հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, եվ ընտրությունների օրը նշանակել նախկին Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ ապրիլի 21-30-ի միջակայքում։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարծիք հայտնեց՝ Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացնելու մասին 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների համապատասխան հոդվածը դեռևս ուժի մեջ չի մտել, ուստի ընտրությունները պետք է նշանակվեին նախկին սահմանադրության համաձայն՝ ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը պատասխանել է հնչող մտահոգություններին, ասել է՝ դեմ չէ ընտրությունների օրը 4-5 օրով տեղափոխելուն, բայց հարցը դիտարկել է ոչ թե իրավական, այլ բարոյական հարթության մեջ: - «Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է: Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը»:

Սարգսյանը դեռ չի շտապել որոշումը հրապարակել․ - «Մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»:

«Երրորդ Հանրապետության» ղեկավար Վիկտոր Դալլաքյանը «Ազատության» հետ զրույցում այսօր նշեց՝ ընտրությունները 4-5 օրով հետաձգելը չի լուծի իրավական խնդիրը: Ապրիլի 2-ին ընտրություն անցկացնելը, Դալլաքյանի կարծիքով, հակասում է Սահմանադրությանը․ - «Այն տրամաբանությունը, որը դրված է օրը փոխելու հետ կապված, ցավոք սրտի մենք կունենանք կազուս, այսինքն՝ զուգահեռաբար երկու խորհրդարանների գոյություն, որը անտրամաբանական է»:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը «Ազատությանը» փոխանցեց․ - «Նախագահը խոսել է՝ եթե օրը փոխվի, մեկ-երկու օր հետ տարվի՝ զուտ բարոյական տեսանկյունից, կապված ապրիլի 2-ի հերոսամարտի, քառօրյա պատերազմի հետ: Այն էլ այն դեպքում, երբ որ ընտրական պրոցեսի բոլոր մասնակիցները պարզ կլինեն և դաշտում կլինի ընդհանուր մոտեցում այս հարցի շուրջ: Իսկ իրավական տեսանկյունից մենք այսօր էլ գտնում ենք, որ որևէ խնդիր չկա, ուղղակի դա պետք է նայել ամբողջության մեջ՝ և՛ Սահմանադրության, և՛ Ընտրական օրենսգրքի: Հետևաբար, որպեսզի հիմա ես պաշտոնական պատասխանից առաջ չընկնեմ և դրա մասին չխոսեմ, ժամեր անց դրա հետ կապված կլինի պաշտոնական գրավոր պարզաբանում, բոլոր հիմնավորումները այդ հրապարակման մեջ տեղ կգտնեն»:

Ի դեպ, քիչ առաջ ՀԱԿ փոխնախագահ Արամ մանուկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ընդդիմադիր կուսակցությունը քննարկում է ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու հարցը: