Ազգային ժողովի նախկին խոսնակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով օրերս հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) դուրս գալու մասին, Ֆեյսբուքում գրառմամբ անդրադարձել է երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օգտագործած փոխաբերությանը:
«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել», - գրել է Աբրահամյանը: