Դալլաքյանը «շատ արդյունավետ» հանդիպումներ է ունեցել Ծառուկյանի հետ

Լայն կոնսոլիդացիայի շուրջ Վիկտոր Դալլաքյանը ակտիվ բանակցում է վարում մի շարք քաղաքական ուժերի, գործիչների՝ այդ թվում և ընտրություններին իր դաշինքով մասնակցել պատրաստվող Գագիկ Ծառուկյանի հետ: Դաշինք ստեղծելու շուրջ Դալլաքյանն արդեն պայմանավորվածություն ունի Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ և լավատես է նաև Ծառուկյանի հարցում:

«2003 թվականից մենք ունենք անձնական ջերմ հարաբերություններ և պարբերաբար հանդիպում ենք, նաև հանդիպում ենք այս ժամանակահատվածում: Ավելի մանրամասներ չեմ ներկայացնի, բայց կարող եմ ասել, որ այդ հանդիպումները իմ և պարոն Ծառուկյանի միջև շատ արդյունավետ են», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դալլաքյանը:

Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը չի հանդիպել իր նախկին կուսակից Ծառուկյանին, բայց փոխանցեց՝ միավորվելուն կողմ է․ - «Որևէ քաղաքական ուժի հե,տ բացառությամբ իշխող ուժի, մենք համագործակցություն չենք բացառում»:

«Ազատության» հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկե՞լ է վերջին զարգացումները, ասաց՝ «ոչ»:

Ծառուկյանին միանալուն կողմ է նաև այս դաշինքի անդամ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: - «Եթե միավորվի՝ դա կլինի հզոր, եթե չմիավորվի՝ կպայքարենք, ի՞նչ է եղել: Սեյրան Օհանյանն ասաց, որ ամեն ինչ անելու ենք ազգի համար: Ամեն ինչ: Ազգը փրկել է պետք»:

Եթե Հովիկ Աբրահամյանը խոսի, գնահատի ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքեր նշի, նաև նրա հետ համագործակցության տարբերակը կքննարկեն:

«Չգիտեմ Հովիկ Աբրահամյանը ինչ է անելու: Կարծում եմ ասուլիս է տալու այս օրերս: Թող ասուլիսը տա, երևի թե ինքը կորոշի ինչ անի, դա մեր մեկնաբանության խնդիրը չէ», - մեկնաբանեց Օսկանյանը:

«Անձնական ջերմ հարաբերությունները ինչպես Գագիկ Ծառուկյանի դեպքում, այնպես էլ Հովիկ Աբրահամյանի դեպքում, կարող են որոշակի դրական ազդեցություն ունենալ մեր համագործակցության համար», - հավելեց Դալլաքյանը:

Վիկտոր Դալլաքյանը տեսնում է 1999 թվականի սցենարի կրկնության հնարավորություն, երբ «Միասնություն» դաշինքը խորհրդարանում մեծամասնություն ստացավ: - «Ես այսօր ևս տեսնում եմ նման հնարավորություն», - նշեց նա:

Դալլաքյանն ու Օսկանյանը այսօր մասնակցում էին իրենց մյուս դաշնակից՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության համագումարին: Ներկա էր նաև դաշինքին միացած «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Իշխանություններին քննադատում, ապրիլին նրանց հեռացնելու մասին խոսում էին բոլորը:

«Բավարար չէ, որ անվստահություն է, բավարար չէ, որ անտարբերություն է իշխանությունների նկատմամբ, բացահայտ կան ատելության դրսևորումներ», - մասնավորապես հայտարարում էր Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Իրենց սպառել են: Աղքատությունն է, արտագաղթն է, կաշառակերությունն է», - նշում էր Վարդան Օսկանյանը:

«Եթե չենք ստանում 51 տոկոս, մենք այդպիսի տրամադրություն ունենք, որ մանդատները դնում ենք ցած», - հայտարարում էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում տապալել Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը, համախմբվել դեպի լույսի ճանապարհը տանող ուղին», - հավելում էր Վիկտոր Դալլաքյանը: