Ընտրություններով «արատավոր համակարգի» փոփոխության անհնարինությունը հղի է «արյունոտ հեղափոխության վտանգով»․ Օհանյան

Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարարը հանդես է եկել հերթական տեսաուղերձով:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրած նոր տեսանյութում զգուշացնում է՝ Եթե այսօր չկարողանանք փոխել ստեղծված արատավոր համակարգն ընտրությունների միջոցով, ապա վաղը երկիրը կանգնելու է «արյունոտ հեղափոխությունների վտանգի» առջև:

Սեյրան Օհանյանը, ով, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Վարդան Օսկանյան-Արամ Սարգսյան-Վիկտոր Դալլաքյան նախընտրական դաշինքը, նույն տեսանյութում փորձում է հիմնավորել, որ հենց այդ մտահոգությամբ է պայմանավորված պետական համակարգից դուրս գալու և խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հայտ ներկայացնելու իր որոշումը:

Ուշագրավ է հանգամանքը, որ պաշտպանության նախկին նախարարը համեմատություն է արել 90-ականների արցախյան պատերազմի տարիների և այսօրվա միջև՝ ընդծելով, այժմ էլ շատ վտանգավոր պահեր ենք ապրում: «Մենք պետք է հասկանանք հասարակ և կարևոր մի բան՝ եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա այս արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ:

Ցանկացած նման գործընթաց կհարվածի Հայաստանի, այդ թվում՝ մեր հարազատ Արցախի անվտանգությանը և, արագ չկազմակերպվելու պարագայում, կբերի Հարավային Կովկասում տնտեսական ու ռազմական ոչ բարենպաստ իրավիճակներում սեփական երկրի դիմակայության անկարողությանը: Ահա թե ինչու ես բաց քաղաքական դաշտում հանդես գալու որոշում կայացրեցի և պատրաստվում եմ իմ գաղափարակից ընկերների հետ հանրությանը ներկայացնել այս համակարգը փոխելու առարկայական ծրագիր, այդ փոփոխության ժամանակացույցի հետ միասին»,- իր ուղերձում նշում է Օհանյանը:

Սեյրան Օհանյանը շեշտում է՝ այս ամենը գիտակցելով, չի զղջում, որ հրաժարվել է իրեն առաջարկած բարձր պաշտոններից, քանի որ համոզված է՝ պետական համակարգում խնդիրներ լուծելու հնարավորոթյունն արդեն սպառվել էր։ «Իմ կյանքի այս որոշումը նույնպես կայացրել եմ ինքնուրույն, ապավինելով բարոյական բարձր արժեքներին։ Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու, ամուր պետություն ունենալու ակնկալիքով, ես առաջնահերթորեն շեշտը դնում եմ քայքայված տնտեսության զարգացման վրա»,- շարունակում է պաշտպանության նախկին նախարարը:

Նա նաև ընդգծում է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բարձր է գնահատում իր շուրջը համախմբվող, իր քաղաքական հայացքները կիսող և ընդհանուր դաշինքով հանդես գալու առաջարկներ ներկայացնող բոլոր քաղաքական գործիչների և կազմակերպությունների ջանքերը: Իր խոսքում պաշտպանության նախկին նախարարը նաև շեշտում է՝ լայն կոնսոլիդացիայի դեպքում արդյունքի կհասնեն:

«Նրանցից յուրաքանչյուրի խոսքը, մտահոգությունը, ներդրումը կարևոր է լնելու: Միասին ենք ընտրելու պայքարի ուղին, ի նպաստ մեր ժղովրդի և նրա ապագայի: Անվերապահորեն իրավացի են այն քաղաքագետներն ու քաղաքական գործիչները, որոնք գտնում են, որ միայն լայն կոնսոլիդացիայի դեպքում կունենանք ազգային համաձայնություն և կազմակերպված հայտ կներկայացնենք գալիք ընտրություններում:

Հերիք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել: Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչը ինչով է փոխարինվելու, և ինչպես է կյանքը փոխվելու»,- հայտարարում է Սեյրան Օհանյանը: