Ամերիկյան Google ընկերությունը, որի եկամուտը գրեթե հարյուր տոկոսով ստացվում է գովազդից, անցյալ տարվա ընթացքում արգելափակել և հեռացրել է շուրջ1.7 միլիարդ գովազդային հաղորդագրություններ, որոնք խախտել են ընկերության գովազդային քաղաքականությունը:
Համեմատության համար՝ 2015 թվականին ընկերությունը արգելափակել և հեռացրել էր 780 միլիոն հաղորդագրություն:
«Ազատ և բաց համացանցը կենսական նշանակություն ունի մարդկանց և բիզնեսների համար ամբողջ աշխարհում: Եվ գովազդը առանցքային նշանակություն ունի ինտերնետում ճշգրիտ, որակյալ տեղեկատվության ապահովման համար: Բայց վատ գովազդը կարող է փչացնել ամեն ինչ: Ինտերնետում գովազդվում են ապօրինի ապրանքատեսակներ, ոչ իրատեսական առաջարկներ և ծառայություններ: Վատ գովազդը կարող է խաբել մարդկանց և գողանալ նրանց անձնական տվյալները, վնասակար ծրագրեր տեղադրել նրանց սարքերում: Մեծ հաշվով՝ վատ գովազդը սպառնալիք է օգտատերերի համար, «Գուգլի» գործընկերների համար և բուն ինտերնետի կայունության համար», - ասված է այս մասին ընկերության հրապարակած բլոգային հաղորդագրությունում: