Դատարանը չորրորդ անգամ երկարաձգեց Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը

Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

«Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստը կբողոքարկի դատարանի այսօրվա որոշումը, իսկ նրա փաստաբանն արդեն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով արագացված ընթացակարգով անդրադառնալ իր պաշտպանյալի գործին, այդ թվում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունը խոչընդոտելու հարցին։

Մոտ կես տարի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա ճաղերի հետևում։ Այսօր Արաբկիրի առաջին ատյանի դատարանը դռնփակ նիստում արդեն 4-րդ անգամ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ երկարաձգել անցյալ տարի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող՝ «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը։

Վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ՝ դատարանը նաև մերժեց 2 միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը: «Որովհետև պատվեր կա և՛ նախաքննական մարմնի վրա, և՛ դատարանի վրա, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահեն։ Պահեն մինչև ընտրությունների ընթացը կամ ավարտը, միգուցե նաև դրանից հետ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Ինքը՝ Ղուկասյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, այն որակելով ձևական։ Փաստաբանի փոխանցմամբ, ոստիկաններից բացի, քննիչը երկու այլ վկայի ցուցմունք էլ էր ներկայացրել դատարանում։ «Հիմքում դրվել է Գեղամ Սահակյանի ցուցմունքը ու ևս մի վկայի այդ կարգի ցուցմունքը, որը կրկին դատապարտված է, որը, ինչպես Գեղամ Սահակյանը, հաշվառված է հոգեբուժական հիվանդանոցում»,- շարունակեց Կարեն Մեժլումյանը:

Նրա խոսքով, մոտ երեք ժամ տևած դատական նիստի ընթացքում, մի շարք այլ ապացույցների հետ մեկտեղ, իր կողմից դատարանին էր ներկայացվել նաև Սարի թաղում տեղի ունեցած բախումների բազմաթիվ տեսանյութեր, որոնցում, ըստ Մեժլումյանի, հերքվում են նախաքննական մարմնի այն պնդումները, թե Անդրիաս Ղուասյանը ցուցերի ժամանակ բռնության կոչեր է հնչեցրել։ Այդ տեսանյութերը, սակայն, վկաների ցուցմունքներից արժանահավատ չեն համարվել։

«Ոստիկաններն էին ասել, որ իբր Անդրիաս Ղուկասյանը Օպերայի հրապարակում կոչ է արել՝ գնալ և շենքեր գրավել։ Տեսագրություններն այսօր էլ շատ մանրամասն դիտեցինք, դատարանն իր աչքով տեսավ, որ նման բան չկա: Ասում է՝ խաղաղ անհնազանդություն, ասում է՝ շենքեր բլոկել, այսինք արգելափակել, որը թույլատրված է»,- ասաց փաստաբանը:

Անցյալ տարվա հուլիսից կալանավորված Անդրիաս Ղուկասյանը քննիչի միջնորդությամբ զրկվել է նաև տեսակցությունների ու հեռախոսազանգերի հնարավորությունից։ 2013-ի նախագահական ընտրություններում որպես թեկնածու մասնակցած ու քաղաքացիական շարժումներում ակտիվորեն ներգրավված Ղուկասյանը կալանավայրից տեղեկացրել է, որ ցանկանում է մասնակցել նաև ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընրություններին, ընդդիմադիր կուսակցություններից էլ հրավեր է ստացել։ Ղուկասյանի պաշտպանը շեշտում է՝ անազատության մեջ պահելով, իր պաշտպանյալին զրկում են նաև ընտրական իրավունքից։

«Ներկայացրեցի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը, որ հունվարի 20-ից սկսում են այդ խորհրդակցությունները, և այլ մանրամասների ծանոթանալու համար կարող է ներկայանալ, բայց Անդրիաս Ղուկասյանը զրկված է այդ իրավունքից։ Պարզապես այսօրվա քաղաքական իշխանություններին պետք չի, որ ԱԺ-ում նման անձ հայտնվի, որը ոչ թե դեմագոգիայով զբաղվի, ի թիվս որոշների, այլ հստակ փաստարված խոսի»,- ասում է Կարեն Մեժլումյանը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված նույն քրեական գործով անցնող մյուս քաղաքական գործիչները, ովքեր մասնակցում էին հուլիսի 29-ի բողոքի ակցիային, մասնավորապես, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվելուց շաբաթներ անց գրավի դիմաց ազատ էին արձակվել:

Անդրիաս Ղուկասյանը բողոքարկելու է Արաբկիրի դատարանի այսօրվա որոշումը։ Նրա փաստաբանն էլ արդեն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով արագացված ընթացակարգով անդրադառնալ Ղուկասյանի գործին, այդ թվում և՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունը խոչընդոտելու հարցին։