Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանը չորեքշաբթի երեկոյան հրապարակեց այսպես կոչված «Նարդարանի գործի» շրջանակներում ձերբակալված իսլամիստ ակտիվիստների դատավճիռները:
Ադրբեջանի թերևս ամենահայտնի իսլամիստ գործիչը` «Մահմեդական միասնություն» շարժման ղեկավար Թալե Բաղիրզադեն և նրա տեղակալը՝ Աբբաս Հուսեյնովը, դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ, սահմանված պատժաչափի առաջին յոթ տարիները Բաղիրզադեն և Հուսեյնովը կրելու են Ադրբեջանի ամենավատ համբավ ունեցող քրեակատարողական հիմնարկներից մեկում` Գոբուստանի բանտում: «Նարդարանի գործով» անցնող մյուս 16 ամբաստանյալները ևս մեծ պատժաչափերի են արժանացել` դատապարտվելով 10-ից 19 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ իսլամիստ ակտիվիստները ձերբակալվեցին 2015 թվականի նոյեմբերին` Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Այդ գործողությունն ուղեկցվեց զինված ընդհարմամբ, որի հետևանքով յոթ մարդ զոհվեց:
Նարդարանում ձերբակալված իսլամիստներին մեղադրանքների պատկառելի մի փաթեթ էր առաջադրվել դատախազության կողմից՝ ահաբեկչական գործունեությունից ու կանխամտածված սպանության կազմակերպումից մինչև իշխանությունը բռնի զավթելու փորձն ու դիմադրությունն իշխանության ներկայացուցչին:
Բաքվի դատարանը ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց ներկայացված մեղադրանքների մեծ մասով:
Վճռի հրապարակման ընթացքում դատարանի շենքը գտնվում էր ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո: Շենքի դիմաց հավաքվել էին ամբաստանյալների մի քանի հարյուր կողմնակիցներ: Նրանք պարբերաբար կրոնական կարգախոսներ էին վանկարկում:
Դատարանի շենքի մոտ էր նաև Ադրբեջանի ամենահայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը` Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին: Ի դեպ, նրա տեղակալ Ֆուադ Ղահրամանլին ևս «Նարդարանի գործով» մեղավոր ճանաչվածների թվում է՝ նրան դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման:
«Դատական այս պրոցեսը միանշանակ քաղաքական էր, այն ուղեկցվում էր օրենքի խախտումներով և արդարադատության հետ որևէ առնչություն չուներ», - հայտարարում էր ադրբեջանցի քաղաքական գործիչը: