Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրենից երկրի առանցքային պաշտոնյա՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախարար, վարչապետ ու ԱԺ-ի նախագահ դարձած Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ չէ, որ խոսել է Հանրապետականի հզորության ու Սերժ Սարգսյանի անպարտելիության մասին:
Այդ հայտարարությունները շատ անգամ հնչել են «Բարգավաճ Հայաստան»-ի հետ նրա կապը համառորեն փնտրող լրագրողների հարցերին ի պատասխան:
Հիշեցնենք Աբրահամյանի մի շարք հայտարարությունները․
«Չի կարող որևէ մեկը ճնշում գործադրել Հանրապետական կուսակցության վրա, այն էլ՝ կադրային քաղաքականության մեջ: Դա բացառեց ընդմիշտ»:
«Յուրաքանչյուր իշխանափոխություն վատ բան է երկրի համար»:
«Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգներին, հայհոյում են այս կամ այն քաղաքացուն, կամ երկրի ղեկավարին, կամ վարչապետին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել»:
«Ոչ մեկը չի կարող նախագահին փոխել․․․ Ես չեմ էլ տեսնում որևէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին: Դա իմ անձնական կարծիքն է: Գտնում եմ, որ ինքը բեզալտերնատիվնի թեկնածու է»:
Երկուևկես տարում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կուտակեց մեկ միլիարդի հավելյալ պետական պարտք: Նրա վարչապետության օրոք, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազեց տնտեսական աճը, աճեց գործազրկության մակարդակը: Բայցև՝ 2.5 տոկոսով կրճատվեց աղքատությունը:
Նշանակվելով վարչապետ՝ 2014-ի ապրիլին Հովիկ Աբրահամյանն խոստացավ ստվերից դուրս բերել ու հարկման դաշտ տեղափոխել բոլոր տնտեսվարողներին՝ սկսած իր մերձավորներից: Հայտարարեց օպտիմալացման, ծախսերի կրճատման, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու մասին:
Ընդդիմադիրները չէին հասկանում՝ կառավարությունը որտե՞ղ է մենաշնորհներ փնտրում, որ չի գտնում։ «Ինչ-որ քայլեր փորձեցին անել, որոնք ես անվանում եմ քայլիկներ: Ասենք, մեքենաների կրճատումը: Երբ որ նայում ես, թե ինչ մեքենաներ են կրճատվել, հիմնականում մետալալոմ է», - ասում է «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ-ի նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը երկու անգամ է ընտրվել: Նրա որոշմամբ իրականություն դարձավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը հենց ԱԺ շենքում տեղակայելու գաղափարը:
Կրեմլի խոսափող Դմիտրի Կիսելյովը այդ ակումբի հանդիպումներից մեկի ընթացքում հայտարարեց, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, և կտուժի Հայաստանի անվտանգությունը:
Այս օրերին մամուլում վերլուծությունների պակաս չկա, թե ում հետ կհամագործակցի 2007-ից Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի համար կարևոր խորհրդարանական ու նախագահական ընտրարշավները, 2015-ին նաև Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզչությունը իշխանության համար ցանկալի արդյունքով կազմակերպած Աբրահամյանը:
Նրա խնամի Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ Աբրահամյանը կարող է ընդգրկվել նաև «Ծառուկյան դաշինքում»:
2 տարի առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը «ողբերգություն և զավեշտ» որակեց Ծառուկյանի քաղաքական մեծ հավակնությունները, իսկ քննադատությունն այդ երեկոն համեմվեց անձնական վիրավորանքներով, ՀՀԿ-ի հայտնի նիստին արտահայտվեց նաև Հովիկ Աբրահամյանը՝ ասելով․ - «Ուժեղ և պատերազմ տեսած մարդը կարող է լինել հանդուրժող և ներողամիտ: Բայց վա՜յ այն մարդկանց, ովքեր փորձում են շահագործել հանդուրժողականությունն ու ներողամտությունը: Ես, իհարկե, գտնում եմ, որ ես ինքս մեծ անելիքներ ունեմ, և անելու եմ գործնականում՝ օգտագործելով իմ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները: Եվ այն մարդիկ, ովքեր առաջին մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն ընկալում, ուրեմն մի քանի անգամ պիտի ասենք, մի հատ էլ բամփենք»: