Երկրում համատարած կոռուպցիայի, անարդարության, աղքատության արդեն վտանգավոր չափերի, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների մասին հայտարարել են Պաշտպանության և Արտաքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը գնահատում է․ - «Նրանց ես շատ կուզեի տեսնել, օրինակ, նախագահականի դիմաց պիկետի ժամանակ, երբ պահանջում են ազատություն քաղբանտարկյալներին, պահանջում են դադարեցնել Հայաստանի հանքահենությունը, քրեական պատասխանատվության ենթարկել բանակը հարստահարողներին և բանակի ունեցվածքը լափածներին: Ոչ թե ընդհանուր հայտարարություններ: Շարունակ լինել իշխանության մեջ, հետո դուրս գալ իշխանությունից, ասել՝ а теперь я Наташка»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շարունակում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանություններն էլ են խոսում՝ անձամբ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի շուրթերով․ - «Ասելով չի, որ ընդդիմություն են: Ուղղակի խոսքեր են»:
Իրավապաշտպանը գիտի ճանապարհը, թե ինչպես կարող են Օհանյանը, Օսկանյանն ու Դալլաքյանը գործով ցույց տալ, որ վճռական են տրամադրված: Կարող են, օրինակ, ցուցմունք տալ, թե իրենց ղեկավարած գերատեսչություններում՝ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններում և նախագահականում կոռուպցիոն ինչ սխեմաներ կան․ - «Մարտի 1-ին եղել են իշխանության մեջ, առավել քան որևիցե մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից տեղյակ են ապօրինի հրամանների, հրահանգների, գործողությունների վերաբերյալ, որը տրվել է անձամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից, և դրանց վերաբերյալ նրանք պետք է ցուցմունք տան Հատուկ քննչական ծառայությունում և միաժամանական հրապարակային ներկայացնեն, թե այդ հանցագործություններն ինչպես են կատարվել»:
Լևոն Բարսեղյանը հիշեցնում է՝ Վարդան Օսկանյանը գուցե ինչ-որ բան ասել է Մարտի 1-ի մասին, բայց գոնե ներողություն մինչև հիմա չի խնդրել:
Բարսեղյանը շարունակեց․ - «Օհանյանի մասով կուզեի իմանալ, թե մարտի 1-ին ցուցարարների վրա զորք բերելուց առաջ իր խորհրդակցե՞լ են, ի՞նքն է տվել հրամանը զորքերը մտցնել քաղաք, թե՞ չէ: Եթե խորհրդակցել են, իր կարծիքը ի՞նչ է եղել: Եթե ասել է՝ սա հակասահմանադրական է, բայց, այնուամենայնիվ, զորքերը մտցրել են իր կամքին հակառակ, ինչո՞ւ մարտի 2-ի առավոտյան հրաժարական չի տվել»:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը տարակուսանքով է խոսում նախկին պաշտոնյաների ընդդիմադիր հավակնությունների մասին: Արդյո՞ք ժամանակ չունեին կոռուպցիայի դեմ պայքարելու․ - «Իրենք շատ լավ ժամանակը օգտագործել են, հարստացել են հանրային հարստության հաշվին, յուրացրել են հանրային սեփականությունը: Այժմ եկել է հանրության ականջին տարբեր ճաշեր կախելու ժամանակը: Դա նույն քաղաքական էլիտան է՝ նույն իշխանական համակարգին սպասարկող և միևնույն ժամանակ օլիգարխիկ համակարգի հետ ներհյուսված: Այնպես որ, նրանք իրենց խաղը ձևավորել են իրենց պատկերացումների շրջանակում»:
Քաղաքացիական հասարակության ներակայացուցիչները կարծում են, որ Հովիկ Աբրահամյանը կմիանա ընդդիմադիրներին:
Արթուր Սաքունցը մի հարցում նախկին վարչապետի հետ համաձայն է՝ իր տեղը Հանրապետականում բաց չի մնա․ - «Հանրապետական կուսակցությունը ընտրական կեղծիքներ կատարողների պակաս չունի, և ամենամեծ ընտրակեղծարարը հենց Սերժ Սարգսյանն է»:
Լևոն Բարսեղյանը հավելեց․ - «Հովիկ Աբրահամյանը կասի, որ իր համար միշտ անտանելի են եղել ընտրակեղծիքները, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի չարաշահումը անցած մի քանի ընտրությունների ընթացքում․․․ Ճիշտ է, դիմացե՜լ եմ, դիմացե՜լ եմ, այլևս չկարողացա դիմանալ, վերջապես արդարությունը պիտի հաղթանակի՞, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանին անվանական քննադատություն ոչ մեկը նրանցից չի համարձակվելու անել»:
Լեւոն Բարսեղյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին է տեսնում այս գործիչների հետևում:
Իսկ եթե նրանք անկեղծորեն զղջալով անցնեն իրավական ու քաղաքական քավարանով, ինչպես երեկ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն էր ասել: Իրավապաշտպանները հեգնում են, թե կուսակցական ցուցակները դատարկ կմնան:
«Երկարատև ժամանակահատվածով մխրճված էին ամբողջ այդ կոռումպացված գործընթացների մեջ և մասն էին կազմում իշխող վարչախմբի, և հանկարծ մեկ օրում որոշեցին «բացահայտվել» որպես երդվյալ ազգասեր և հայրենասերներ», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը:
Լևոն Բարսեղյան․ - «Քաղաքագիտական իմաստով ով իշխանություն չէ, ընդդիմություն է համարվում: Բայց այսպիսի հեզաճկուն և իշխանական թևից անջատված ընդդիմությունները վաղուց հավատ չեն ներշնչում: Դալլաքյանը՝ կարկառուն ընդդիմադիրը, երեք-չորս տարի աշխատում է Սերժ Սարգսյանի կաբինետում, հետո դուրս է գալիս․․․ Գիտեք, այս մասին խոսելիս դժվար է զսպել ծիծաղը»: