Սենատը հաստատեց Նիկի Հեյլիին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում

ԱՄՆ - Նիկի Հեյլին Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 18-ը հունվարի, 2017թ․

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին: Միացյալ Նահանգների Սենատը երեքշաբթի օրը հաստատեց նրա թեկնածությունը: Թեև որոշ սենատորներ մտահոգություն են հայտնել արտաքին քաղաքականության ոլորտում Հեյլիի անփորձ լինելու կապակցությամբ, այդուհանդերձ, նրա օգտին են քվեարկել 96 սենատորներ, դեմ՝ ընդամենը 4-ը:

Սենատում ավելի վաղ տեղի ունեցած լսումների ժամանակ Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է «մկաններով խաղալ», և որ Մոսկվայի հետ հարաբերություններում պետք է գործել առանձնահատուկ զգուշությամբ: Նա դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, Ուկրաինայի արևելքում պատերազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցությունը, աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն կիսում է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի օգնության կարիքն ունի ահաբեկչության դեմ պայքարում:

44-ամյա Հեյլին Հանրապետական կուսակցության անդամ է, Ամերիկայի ամենաերիտասարդ նահանգապետը: