Արդյո՞ք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում կարող է անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը դեռ չգիտի այս հարցի պատասխանը: Նրա խոսքով, դեռ վաղ է՝ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի դիրքորոշումն այս և մի քանի այլ հարցերի շուրջ ճշտելու համար:
«Պարոն Թրամփը, որքան ես գիտեմ, որպես թեկնածու, իր քարոզարշավի ժամանակ երբեք հայ-թուրքական հարաբերություններին չի անդրադարձել, և առայժմ վաղ է, որ կարողանամ ասել, թե ինչպիսին կլինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դեսպան Միլսը, հավելելով՝ «ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխըմռնում ու հաշտեցում լինի, քանի որ դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից: Դա այն է, ինչը խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջան»:
ԱՄՆ-ի դեսպանն այսօր մասնակցում էր հայ և թուրք լուսանկարիչների՝ Երևանում կազմակերպված համատեղ ցուցահանդեսի բացման արարողությանը: «Կամրջելով պատմությունները» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 7-ը: Միացյալ Նահնգների դեսպանի խոսքով, այս ցուցահանդեսը կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան ընդհանրություններ կան հայ և թուրք ժողովուրդների միջև:
«Հենց այդ ընդհանրությունների գիտակցումը կարող է օգնել հաշտեցման հասնելու հարցում: Հաշտեցում, որ մենք ցանկանում ենք տեսնել հայ և թուրք ժողովուրդների միջև»,- ասաց դեսպանն ու շարունակեց՝ «Մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է, որ լինի լիարժեք, անկեղծ և արդար ճանաչում այն դեպքերի, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ՝ 1915 թվականին»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի փոփոխության հետ կապված՝ նաև Միացյալ Նահանգների դեսպանների հնարավոր փոփոխության հարցին, Ռիչարդ Միլսը նշեց, որ իր լիազորությունները դեռևս ուժի մեջ են: «Անկեղծ ասած՝ ինձ յուրաքանչյոր պահի կարող են առաջարկել՝ թողնել պաշտոնը: Ինչպես յուրաքանչյուր ԱՄՆ-ի դեսպան, ես ևս ծառայում եմ երկրի նախագահին: Բայց այս պահին, ոչ, նման պահանջ չի եղել: Իմ պաշտոնը վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա»,- ասաց Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, թե շատ ուրախ է դրա համար և ցանկանում է ապրիլին կայանալիք ընտրությունների ժամանակ Հայաստանում լինել:
«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան լինելն աշխարհում լավագույն աշխատանքն է, ոչ մեկին չասեք»,- լրագրողների հետ զրույցի ավարտին կատակեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը: