Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային սկանդալի քրեական գործով վարույթը կարճվել է

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումների հիման վրա հարուցված քրեական գործով վարույթը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պետական հատուկ ծառայողի կողմից անօրինական ձեռնարկատիրական գործունեության մասնակցելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճել»,- հայտնել է Օհանջանյանը:

Նա նաև հավելել է, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցումներ է կատարել Շվեյցարիայի և Պանամայի համապատասխան մարմիններ, սակայն Միհրան Պողոսյանի կողմից անօրինական ձեռնարկատիրական գործունեության մասնակցելու հանգամանքը չի հիմնավորվել:

Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլին Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերի արտահոսքի հետևանքով բացահայվեցին օֆշորային ընկերությունների վերաբերյալ ավելի քան 11․5 միլիոն փաստաթղթեր: Այդ փաստաթղթերում արծարծվում են 12 երկրի ղեկավարների՝ այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահների, Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլիի, մոտ երեք տասնյակ միլիարդատերերի, բեմական աստղերի, մարզիկների, գիտնականների անուններ: Հայաստանից օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության այժմ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Երբ հայաստանցի մեծահարուստ պաշտոնյայի անհայտ ծագման ունեցվածքի մասին հրապարակումներ հայտնվեցին, Պողոսյանը ութ տարի պաշտոնավորումից հետո հրաժարական տվեց՝ հայտարարելով, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Մեկ ամիս անց՝ մայիսին, ՀՔԾ-ում գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով` «ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը», այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ: