Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինվորի աճյունի տեղափոխման հարցը, ինչպես նաև իրավիճակը շփման գծում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը:
«Հասանովն ընդգծել է ադրբեջանցի զինվորական Չինգիզ Ղուրբանովի դին վերադարձնելու ուղղությամբ կոնկրետ և ավելի լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը», - պաշտոնական հաղորդագրությունն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները:
Կասպշիկը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում այդ ուղղությամբ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվելու, և խնդիրը մոտ ժամանակներս լուծվելու է, APA լրատվական գործակալության փոխանցմամբ ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: