20 տարի շարունակ իշխանության առանցքային պաշտոնները զբաղեցրած անձը չի կարող մեկ օրում դառնալ արմատական ընդդիմություն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իշխող Հանրապետական խմբակցության (ՀՀԿ) ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատում այն հանգամանքը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է գալիս արմատական ընդդմիության դիրքերից՝ քննադատության ենթարկելով գործող իշխանությանը:
Նշենք, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Սեյրան Օհանյանը, ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հանդես է գալիս տեսաուղերձներով, նշելով, թե երկրում պետք է լինի արդար մրցակցություն, ավելին, «իրական քվեով ձևավորված հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»:
Անցած շաբաթ օրն էլ տարածած տեսաուղերձում Սեյրան Օհանյանը խոսեց իշխանության հանդեպ աճող անվստահության մասին՝ զգուշացնելով, որ ստեղծված իրավիճակն իր ազդեցություն է թողնում բանակի վրա։ «Իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։ Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ <...> Օրենքի առաջ անհավասարությունը, անարդարությունը, համատարած կողմնապահությունը և դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետևանքներով, հենց բոլոր խնդիրների հիմքն են», - հայտարարեց Օհանյանը։
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ արմատական ընդդիմությունը լինում է գաղափարական, և չի կարծում, թե մեկ շաբաթում, մեկ ամսում գաղափարներ կարող են փոխվել։ «Ես չեմ կարծում, որ շուրջ 20 տարի իշխանության ամենակարևորագույն պոստերը գրաված անձնավորությունները կարող են լինել արմատական ընդդիմություն։ Արմատական ընդդիմությունը մեկ օրում չի ծնվում, ծնվում է տարիների ընթացքում և գաղափարական է լինում արմատական ընդդիմությունը։ Ես չեմ կարծում, որ մեկ շաբաթում, մեկ ամսում գաղափարներ կարող են փոխել և լինել նոր ինչ-որ քաղաքական գաղափարներ կրող քաղաքական գործիչներ», - ասաց Բաղդասարյանը։
Չնայած իշխող Հանրապետականը պնդում է, թե մեկ օրում, կամ մեկ շաբաթում գաղափարական ընդդիմություն չեն դառնում, սակայն, իր տեսաուղերձում Սեյրան Օհանյանը նաև այդ հարցին է անդրադառնում, ակնարկելով, թե իշխանության մեջ եղած ժամանակ չէր կարող պայքարել պաշտպանության նախարարի իրավասությունից դուրս գտնվող խնդիրների դեմ։ «Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը», - հայտարարում է պաշտպանության նախկին նախարարը։
Խոսելով կոռուպցիայից, իշխանության հանդեպ խորացող անվստահությունից, արտագաղթից ու ժողովրդի հուսալքությունից՝ Սեյրան Օհանյանը քննադատում է նաև իշխանության ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը, ընդգծելով, թե կարևորում է, երբ մասնագետներն իրենց ճիշտ տեղերում հստակ և կարգապահ աշխատում են: «Սակայն, ցավոք, մեր երկրում վաղուց խախտված է այդ մեխանիզմը։ Եվ ակնհայտ է, որ երկրի ընդհանուր քաղաքական, տնտեսական, հասարակական մթնոլորտն այլևս չի տալիս զարգացման, աճի, դրական փոփոխությունների հնարավորություն։ Ինչպես բանակի որևէ կառույցում ոչ կանոնադրային հարաբերությունները խախտում են առողջ մթնոլորտը՝ բացասաբար անդրադառնալով ծառայության որակի վրա, այնպես էլ պետության մյուս ոլորտներում է։ Այսօր մեր երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ, կարելի է ասել, ոչ կանոնադրային հարաբերություններ են», - հայտարարում է Օհանյանը։
Թե ինչո՞ւ երկար ժամանակ Սերժ Սարգսյանի թիմի անդամ եղած Սեյրան Օհանյանը դարձավ ընդդիմադիր, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը հետևյալ բացատրություն է տալիս՝ «նրանք, ովքեր փորձում են մտնել քաղաքականություն, իրենց վարկանիշի համար պետք է տեղավորվեն ընդդիմադիր դաշտում, քանի որ իշխանության դաշտն արդեն զբաղեցված է»:
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի հնչեցրած քննադատություններին, ապա Բաղդասարյանի փոխանցմամբ, դրանց մասին բարձրաձայնում է նաև իշխող Հանրապետականը, այնպես որ նոր բան չեն լսել։
«Ազատություն». - Մտավախություն չունե՞ք, որ Սեյրան Օհանյանն այժմ իր շուրջ համախմբում է մի դաշինք, որը կարող է պարտության մատնել առաջիկա ընտրություններում իշխող Հանրապետականին։
Բաղդասարյան. - Ռուզաննա, այդ երազանքներ են բոլորը, որ պարտության մատնեն իշխող Հանրապետականին, 25 տարի անընդհատ այդ ելույթները լսում ենք, առնվազն վերջին 15 տարում։ Ո՛չ, մենք մտավախություն չունենք, բայց բոլորին լուրջ ենք վերաբերվում, մենք չենք թերագնահատում որևէ մեկի ուժերը։
«Ազատություն». - «Ծառուկյան դաշինք»-ն է նաև ստեղծվել...
Բաղդասարյան. - Գագիկ Ծառուկյանին հաջողություն եմ ցանկանում։
«Ազատություն». - Դուք չե՞ք կարծում, որ ի վերջո այս համախմբումը կարող է մի օր գործել հենց Հանրապետականի դեմ։
Բաղդասարյան. - Բա, եթե չի գործեն, ինչպե՞ս պետք է կարողանան իրենք տեղ գտնեն ներքաղաքական դաշտում, դեմ լինելով, կգտնեն իրենց տեղը քաղաքական դաշտում, հետո կհամագործակցեն։ Դրա վառ վկայությունն էր մեր Ազգային ժողովում քվերակությունների ժամանակ 106, 108, 102 հավաքած ձայները, Հանրապետական խմբակցությունն ընդամենը 70 հոգի է, այսինքն՝ կան համագործակցության եզրեր։
Հավելենք, որ ՀՀԿ-ն դեռևս չի հստակեցնում, թե ով է գլխավորելու իրենց նախընտրական ցուցակը՝ խոստանալով այդ մասին հայտարարել այս հինգշաբթի կայանալիք խորհրդի նիստից հետո։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, չի բացառվում, որ ցուցակի առաջին համարը զբաղեցնի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Թեև, ինչպես ընդգծեց Հանրապետական խմբակցության ղեկավարը, որևէ պատճառ չկա, որ իրենց նախընտրական ցուցակը գլխավորի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: