Ավստրալիայի խոշորագույն նահանգը հայազգի վարչապետ ունի

Ավստրալիա - Օպերայի շենքը Սիդնեյում, արխիվ

Ավստրալիայի տնտեսապես ամենազարգացած և խիտ բնակեցված նահանգը` Նոր Հարավային Ուելսը այսուհետ ղեկավարելու է Ազատական կուսակցության ներկայացուցիչ, հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը:

Սիդնեյն ընդգրկող և ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչապետի պաշտոնը 45-ամյա Բերեջիկլյանը ստանձնել է այսօր:

Պաշտոնամուտի արարողության ընթացքում Բերեջիկլյանը հայտարարել է, որ իր և Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև որոշակի ընդհանրություններ կան: «Թրամփը Միացյալ նահանգների 45-րդ նախագահն է, իսկ ես` Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետը: Իմ և Թրամփի միջև նմանությունները, սակայն, այդքանով սպառվում են», - նշել է Բերեջիկլյանը: