Արմեն Ամիրյան. Փորձում ենք կինոյում կառավարման մոդել փոխել

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան, արխիվ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ այս տարեսկզբից կլուծարվեն նախարարության կազմում գործող մի քանի ՊՈԱԿ-ներ, կլուծարվի նաև Ազգային կինոկենտրոնը, կփոխվի կինոյի ոլորտի համակարգման ձևը։

«Կինո՝ բավականին հետաքրքիր բնագավառ, որ մենք փորձում ենք կինոյում կառավարման մոդել փոխել, մասնավորապես, 2017-ի սկզբին արդեն կիրականացնենք: Ես մտածում եմ, որ պետք է օգտագործել կինոդաշտում այսօր գործող բոլոր արտադրող ընկերությունների ղեկավարների ուժերը: Եվ մենք փորձում ենք հիմա բանակցությունների միջոցով ձևավորել տնօրենների խորհուրդ, որը ռոտացիոն կարգով կղեկավարի մեր կինոարտադրության ընկերությունը։ Անշուշտ կլինի մեկ գլխավոր տնօրեն, որը կինոյից չէ, ֆինանսիստ-տնտեսագետ է, և կինոարտադրության գլխավոր մարդիկ, գլխավոր մենեջերները ռոտացիոն կարգով կղեկավարեն և կհամակարգեն մեր կինոարտադրությունը», - ասաց Ամիրյանը։

Նախարարը նշեց, որ պետք է փորձեն նաև Հայաստանն արտասահմանյան կինոգործիչների համար գրավիչ դարձնել։

«Մենք կինոարտադրությանը զուգահեռ՝ հայկական ֆիլմերի արտադրությանը զուգահեռ, ծրագրում ենք ներգրավել նաև արտասահմանյան կինոարտադրությամբ զբաղվող ընկերություններին, մասնավորապես՝ մի քանի մասնավոր ընկերությունների հետ մենք նախապատրաստելու ենք տեսարաններ, տարբեր նկարահանման հարթակներ, մասնագետներ, որոնք տիրապետում են տարբեր օտար լեզուների, տեխնիկական միջոցներ, ավտոմեքենաներ, նկարահանման սրահներ, և այս բոլոր ծառայություններն առաջարկելու ենք արտասահմանյան ընկերություններին, որ ներդրումային ծրագրերով կարող են նկարահանել Հայաստանում», - ասաց Ամիրյանը։

Պատրաստ է և Ազգային ժողով է ուղարկվել նաև «Կինոյի մասին» օրենքի նախագիծը, որի անհրաժեշտության մասին տարիներ շարունակ խոսում են հատկապես այն կինոգործիչներն, ովքեր համագործակցում են արտասահմանյան կինոընկերությունների ներկայացուցիչներ հետ, և հաճախ պնդում, որ այդ օրենքի բացակայությունն արտասահմանյան կինոընկերությունների ներկայացուցիչների համար խնդիրներ է առաջացնում։

Նախարարն անդրադարձավ նաև անցած տարեվերջին բացված «Սինեմա» կինոկենտրոնին․ - «Այս կինոկենտրոնը ստեղծվել է, որպեսզի հնարավորություն տանք երիտասարդ կինոգործիչներին իրենց դեբյուտը կազմակերպելու: 2017 թվականի ավարտին մենք կունենանք առնվազն 5-7 նոր ֆիլմեր»: