Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը երբեք չի հրաժարվել՝ հրապարակավ իր կարծիքը կամ տեսակետը հայտնել հանրությանը հուզող այս կամ այն հրատապ հարցի մասին: 1991 թվականից է աշխատում թատրոնում որպես բեմադրիչ: Մինչ այդ թատրոնի գրական բաժնի վարիչն է եղել: Նրան այնքան էլ դուր չի գալիս «ստեղծագործական կյանք» արտահայտությունը:
«Ստեղծագործական աշխատանքն ու կյանքը ես իրարից չեմ տարանջատում, կյանքը հետաքրքիր է, ստեղծագործելը հետաքրքիր է: Հենց կորցրիր հետաքրքրությունը և՛ արվեստի հանդեպ, և՛ կյանքի հանդեպ, ուրեմն երկուսից էլ պետք է հեռանաս»,- ասում է Ռուբեն Բաբայանն ու շարունակում՝ «Իրականում կյանքը մեզ տրված է, որպեսզի մենք կարողանանք այն բեմադրել՝ գլխավոր դերակատարում ստանձնելով»:
Բեմադրիչը նկատում է՝ չափազանց բարդ է հասկանալը, թե կյանք կոչված բեմադրության մեջ հատկապես ինչ դեր է քեզ վերապահված: Սակայն, դա, այնուամենայնիվ, հնարավոր է, եթե «ոչ գերագնահատում, ոչ էլ թերագնահատում ես քեզ, այլ ադեկվատ ես գնահատում»:
Ռուբեն Բաբայանի խոսքով, ստեղծագործական կյանքում թերևս ամենաբարդ խնդիրներից է սեփական սխալների և անհաջողությունների խոստովանությունը, իբրև դրանց մեղավորի՝ սեփական անձը ճանաչելը, «սակայն, դա նաև շատ օգտակար և ամենաբուժիչ է»: «Ես բազմաթիվ չհաջողված ներկայացումներ եմ ունեցել, ոչ միայն բեմում, այլև կյանքում: Բայց միշտ էլ համարել եմ, որ դրանց մեղավորը ես եմ, մարդն ինքն իր բժիշկն է, առաջին հերթին ինքը պետք է իրեն բուժի»,- ասում է արվեստագետը:
Բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ «Ազատության» հարցազրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը:
Your browser doesn’t support HTML5